Ի՞նչ է հորդորել Նիկոլ Փաշինյանը գերեվարվածների ու անհետ կորածների հարազատներին

Կառավարության ղեկավարը լսել է անհետ կորած, գերեվարված զինվորների ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հանդիպել է գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը հրատապ լուծում է պահանջում. Հայաստանի ՄԻՊ

Նշվում է, որ վարչապետը մանրամասներ է ներկայացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումներից։

Փաշինյանն ասել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել անելու ամեն ինչ, ինչը կնպաստի ԿԽՄԿ-ի ռեսուրսների ընդլայնմանն ու մեծացմանը:

Վարչապետը ընտանիքների անդամներին հորդորել է հանուն աշխատանքների արդյունավետության ապահովման զերծ մնալ սոցցանցերում տեղորոշման մասին կամ լրացուցիչ այլ տեղեկատվության տարածումից:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել վերջին օրերին իրականացված որոնողական աշխատանքների և աճյունների փոխանակման աշխատանքների վերաբերյալ:

Կառավարության ղեկավարը լսել է ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին:

Հիշեցնենք` ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 27-ին հայտնեց, որ բաց տեսանյութերի վերլուծության հիման վրա հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու վերաբերյալ տվյալներ ունի, բայց 30-ի ինքնությունն են կարողացել պարզել: