Գարեգին Բ–ն տաճար բերեց աստվածամուխ գեղարդը

Ամենայն հայոց կաթողիկոսը գեղարդը տաճար բերեց եկեղեցական հանդիսավոր թափորի առաջնորդությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայ առաքելական սուրբ եկեղեցին նոյեմբերի 28-ին նշեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015 թվականին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:

Միայն կաթողիկոսն է առանց ձեռնոցների հպվում սուրբ գեղարդին

Մայր աթոռի տեեղակատվական համակարգը հայտնում է, որ տոնի առիթով Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում մատուցվեց սուրբ պատարագ:

Պատարագիչն էր Մայր աթոռ Սուրբ էջմիածնի Արխիվի և թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Մայր աթոռի միաբանները և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ: Սուրբ պատարագի ընթացքում եկեղեցական հանդիսավոր թափորի առաջնորդությամբ Ամենայն հայոց կաթողիկոսը տաճար բերեց սուրբ գեղարդը:

Նորին սրբությունն օրհնեց ներկա ժողովրդին, ապա ուխտավորներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու և խոնարհվելու համաքրիստոնեական նվիրական սրբության առջև:

Սուրբ պատարագի ավարտին Մայր աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին։

Համարվում է, որ գեղարդին հպվելը ոչ միայն ուժ է տալիս, այլև տարբեր հիվանդություններ է բուժում։ Գեղարդի շուրջ մի շարք լեգենդներ և զարմանալի պատմություններ են հյուսվել։ Ավանդույթի համաձայն` այն բազում մարդկանց կյանքեր է փրկել, կանխել համաճարակի տարածումը, այդ պատճառով գեղարդին դիպչել են ցանկանում նաև մարդիկ, որոնք ֆիզիկական կամ հոգեկան խնդիրներ ունեն: Դարեր առաջ, ժանտախտի ժամանակ սուրբ գեղարդն ուղարկվել էր Վրաստան։

Հրաշագործ սուրբ գեղարդի անցած ճանապարհն ու այսօրվա հանգրվանը

Ըստ ավանդույթի` սուրբ գեղարդը Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից մեկը՝ սուրբ Թադեոս առաքյալը: Սուրբ գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զորականը՝ Ղունկիանոս հարյուրապետը, խոցեց Հիսուս Քրիստոսին խաչի վրա: Դեկտեմբերի 3-ը Սուրբ գեղարդի ուխտի օրն է: Կաթողիկոսի կոնդակի համաձայն` այդ օրը գեղարդը հանդիսավորությամբ դուրս է բերվում Մայր տաճարից, և մարդիկ կարողանում են դիպչել գեղարդին ու իրենց աղոթքն ուղղել առ Աստված: Հարյուրամյակներ շարունակ գեղարդը պահվել է Այրիվանքում (Գեղարդում) և միայն 1760 թվականին է բերվել Էջմիածին։