Սուտ է, որ նոյեմբերի 27-ին ավելի քան 10 հայ զինծառայող է գերեվարվել

Կառավարությունը շարունակում է պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված զինծառայողների վերադարձի շուրջ ամենօրյա աշխատանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական տեղեկատվական տիրույթում հայտնված տեղեկությունը, թե իբր երեկ գերեվարվել են 10-ից ավելի հայ զինծառայողներ, սուտ է: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի միասնական տեղեկատվական կենտրոնը։

«Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից հայկական մեդիատիրույթում հայտնված լուրը, ապատեղեկատվություն է: Նման դեպք երեկ տեղի չի ունեցել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կառավարությունը շարունակում է պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված զինծառայողների վերադարձի շուրջ ամենօրյա աշխատանքները։

Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը հրատապ լուծում է պահանջում. Հայաստանի ՄԻՊ

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 27-ին հայտնեց, որ բաց տեսանյութերի վերլուծության հիման վրա հայկական կողմը մոտ 50-60 ռազմագերու վերաբերյալ տվյալներ ունի, բայց 30-ի ինքնությունն են կարողացել պարզել: