ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները ՀՀ զինդատախազը ներկայացրել է իրավապաշտպան հեղինակավոր միջազգային կազմակերպություններից մեկին։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Զինդատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն այսօր ընդունել է Human Rights Watch ՀԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ներկայացուցիչ Տանյա Լոքշինային։ Խոսվել է Ադրբեջանի կողմից այս պատերազմում ինչպես վարձկան ահաբեկիչների, այնպես էլ արգելված զինատեսակների կիրառման մասին և այլն։
Առանձնակի ուշադրություն է դարձվել Ադրբեջանի ԶՈւ կողմից գերեվարված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգելու, նրանց նկատմամբ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու դեպքերին:
«Զինվորական դատախազն իր խոսքում կարևորել է Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված գազանաբարո գործողությունների վերաբերյալ փաստերի մասին միջազգային իրավապաշտպան և շահագրգիռ հասարակական կառույցների ու կազմակերոպությունների տեղեկացվածությունը, ինչպես նաև տուժող անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքների նախատեսման անհրաժեշտությունը, նրանց նկատմամբ հետագա հանցավոր ոտնձգությունների իրական հնարավորության կանխման գործընթացում միջազգային կառույցների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հեղինակավոր հասարակական կազմակերպությունների էական դերակատարում ունենալու հանգամանքը»,- նշված է հաղորդագրության մեջ։
«Իշխանություն չունենք». գերիների հարցով հայ արվեստագետները կդիմեն միջազգային կառույցներին
Human Rights Watch –ի ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել անթույլատրելի զինատեսակների կիրառման առնչությամբ։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել պատերազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը։
Փաշինյանն ահաբեկիչների ու գերիների հարցը քննարկել է Մուշիկիվաբոյի հետ