«Տունն այնտեղ է, որտեղ մենք ենք, մնում է, որ մենք լինենք». Նոր Մարաղա, օր վերջին

Sputnik Արմենիայի սյունակագիր Կարեն Ավետիսյանը պատմում է, թե ինչպես են Նոր Մարաղայի բնակիչները լքում իրենց հայրենի գյուղը։ Շատերը 30 տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ են կորցնում իրենց տները։
Sputnik

Երբ թվում էր, թե պատերազմի բոլոր հարվածները հասցված են, բոլոր արցունքները` թափված, իսկ քարտեզը պատրաստ է վերագծման, հայտարարվեց, որ Մարտակերտի շրջանի ևս 7 գյուղ պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ գյուղերի բնակիչներն այդ մասին տեղեկացան լավագույն դեպքում վերջնաժամկետից 24 ժամ առաջ։

...Ճանապարհին հանդիպեցինք դեպի մեզ սլացող մի մեքենա, որի թափքին բառի ամենաբուն իմաստով տուն էր բարձած. ի՞նչը կարող է լինել ավելի տպավորիչ, բայց և ավելի ահարկու խորհրդանիշ Մարտակերտ հասնելուն ընդառաջ։

«Տունն այնտեղ է, որտեղ մենք ենք, մնում է, որ մենք լինենք». Նոր Մարաղա, օր վերջին

«Բավական է պարզապես լսել գյուղերի անունները, որպեսզի պատկերացնեք ամբողջ ցավը` Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Նոր Ջրաբերդ։ Մի քանի ժամվա ընթացքում այդ «նորը» կդառնա «հին», «մերը»` «օտար»»,- արձանագրեց վարորդն ու արգելակեց՝ ճամփեզրին տեսնելով վիրավոր կովին:

«Տունն այնտեղ է, որտեղ մենք ենք, մնում է, որ մենք լինենք». Նոր Մարաղա, օր վերջին

– Տղերք, ի՞նչ եք անում, – հարցրեց վարորդը ճանապարհի մեջտեղում դաշույնը կովի վզին պահած կասկածելի տղամարդկանց։

«Այստեղ ենք եղել մինչև վերջ». հայ զինվորները հեռանում են Քարվաճառից. տեսանյութ

– Կովի միսը հասցնենք զինվորներին, սոված են։

Հենց որ միսը տեղափոխեցին թափք, մեքենան սլացավ սահմանի հակառակ ուղղությամբ` հաստատելով այն կասկածը, որ դժվար թե սառնամանիքին փողոցի մեջտեղում կով մորթեին զինվորների համար։

«Ասում են` պատերազմի ժամանակ ամենաակտիվը զինվորներն են, իսկ պատերազմից հետո՝ փրկարարներն ու թալանչիները: Փրկարարներին ինչ–որ չեմ տեսնում», - ճանապարհը քմծիծաղով շարունակեց սրամիտ վարորդը։

Նոր Մարաղա դեռ չէինք հասել, երբ գյուղից լսվեց խոզերի սրտապատառ ճղճղոցները։

– Ի՞նչ եք անում։

– Մորթում ենք խոզերին, որովհետև կենդանի վիճակում չենք կարողանա տանել, ընդամենը մի «Գազել» ենք վարձել, 100 հազար դրամ ա ուզում մեկ երթուղու համար, հազիվ կարողանանք տեղավորել մորթած միսը, որպեսզի կիլոն 1000 դրամով մի կերպ վաճառենք, «Գազելի» փողը հանենք։

Նմանատիպ մի «Գազել» էլ կողքի տան դիմաց էր կանգնած։ Այդ տանն ապրող կինը անասուն չէր պահում, ուստի թափքի մեջ դոշակներ էին, սպիտակեղեն ու կահ–կարասի, որի ընդհանուր արժեքը հազիվ թե գերազանցեր «Գազելի» վարձակալության 100 000–ը։

«Տունն այնտեղ է, որտեղ մենք ենք, մնում է, որ մենք լինենք». Նոր Մարաղա, օր վերջին

«Ի՞նչ տարօրինակ բան ա ճակատագիրը. Հին Մարաղայի ջարդից հետո հայրս տեղափոխվեց Նոր Մարաղա` տուն կառուցելու ... զրոյից: Նա Թումանյանի պես ասաց մեզ. «Ապրե՛ք, բայց մեզ պես չապրեք»: Բառեր, որոնցով հիմա ինքս եմ ստիպված դիմել երեխաներիս», - մտորեց գյուղի ալեհերներից մեկը։

«Ավրորան» միջազգային դրամահավաք է հայտարարում Արցախի բնակչության համար

Շատերի ցասումն ու բարկությունը կրկնապատիկ էր, քանի որ հաշված օրեր առաջ հրաժեշտ էին տվել սեփական տներին՝ իմանալով, որ սկսվել է լայնամասշտաբ պատերազմ, որի կիզակետում էր նաև Մարտակերտի շրջանը։ Թեպետ պարտությունից կոտրված ու դժբախտ, բայց շատերը հրադադարից հետո վերադարձել էին հայրենի գյուղ, նորից տեղավորվել` ապրեցնելով թեկուզ տխուր, բայց նոր կյանքի վերջին հույսը։ Ու հիմա օրեր անց ամենը տեղավորելուց հետո մի նոր տագնապ ու մի նոր գույժ, որը սպանում է ոչ միայն այն` վերջին մնացած «նոր կյանքի հույսը», այլև շատերի մոտ` երբևէ Արցախ վերադառնալու հեռանկարը։

- Լավ, հաղթանակը չստացվեց, բայց գոնե պարտությունը կարելի էր մարդավարի կազմակերպել, – ասաց տեղի բնակիչներից մեկն ու նեղսրտեց` գյուղի հանձնման լուրը ստանալուց մի քանի ժամ առաջ հույս ունեին, որ գոնե այդ գործընթացը պատշաճ կերպով կկազմակերպվեր:

«Տունն այնտեղ է, որտեղ մենք ենք, մնում է, որ մենք լինենք». Նոր Մարաղա, օր վերջին

- Օրինակ՝ ի՞նչ մասնագիտություն ունեք:

- Լրագրող եմ։

- Այսինքն` եթե ձեր տունը խլեն ձեզանից, դուք դեռ կկարողանաք անել ձեր գործը, իսկ մեր պարագայում դա պարզապես «հանձնած հող» չէ, այլ մեր ամբողջ եղած–չեղածը, մեր ամբողջ աղքատ հարստությունը, մեր ամբողջ կյանքը՝ դաշտեր, այգիներ, անասուններ, չիրականացած երազանքներ ու չփակած վարկեր:

Մեկ այլ տան շեմին խառնաշփոթի մեջ շվարած կանգնած էր մի տղա։ Պատմեց, որ չի կարողանում կենտրոնանալ և հասկանալ` այդ մնացած ժամերի ընթացքում ինչ անի` հավաքի ամբողջ համեստ ունեցվածքը, թե փորի գերեզմանն ու ծնողների աճյունները հանի։

– Մորս գերեզմանին երդում էի տվել, որ հարսանիքս սկսելու եմ շիրմաքարերի մոտից` ստանալով իր օրհնությունը։ Նույնիսկ այդ վերջին խոստումս կատարելու հնարավորություն չտվեցին...

Հերթական մորթված անասունի հառաչը մեզ ուղղորդեց դեպի գյուղի վերջին տներից մեկը, որտեղ տանտերերը` հայր և որդի, մեզ հրավիրեցին ներս, խնդրեցին օգնել, որ դատարկեն նկուղը, գոմը, քաղեն այգիներում մնացած նուռն ու խուրման։

«Տունն այնտեղ է, որտեղ մենք ենք, մնում է, որ մենք լինենք». Նոր Մարաղա, օր վերջին

– Պապ, բա՞ տունը չենք վառելու, – հարցրեց որդին։

– Ես չեմ կարողանա, ես եմ սարքել իմ ձեռքերով։ Էդ վառելու փոխարեն եկեք բոլորով մի վերջին անգամ խմենք, – պատասխանեց հայրն ու նկուղից հանեց իր այգու խաղողից թորած օղու վերջին կես լիտրը, տան մուտքի մոտ վառեց մի փոքր խարույկ, վրան տաքացրեց 3 հատ զինվորական պահածո ու բարձրացրեց բաժակը մի վերջին կենացով.

– Տունն այնտեղ է, որտեղ մենք ենք, մնում է, որ մենք լինենք։

Կենացն ընդհատեց սահմանի մյուս կողմից օդ արձակված զարկը։

– «Հրանոթային զարթուցիչն» ա, թուրքերն են, զգուշացնում են, որ արագացնենք, – ասաց հայրը` շտապելով վերջին ուղեբեռը լցնել մեքենայի բեռնախցիկ։

Վերջին ճամփորդությունը դեպի Քարվաճառ, կամ ինչ ենք թողնում թշնամուն. լուսանկարներ

– Դու գնա, ես գալիս եմ, – հետևից բղավեց որդին` բենզինը լցնելով անվադողին և խարույկի վերցրած ծխացող մի փայտը ձեռքին այն գլորելով տան շեմից ներս։

1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը հրկիզել է Մարաղա գյուղը և կոտորել բնակչությանը։ Մարաղան մինչև հիմա շարունակում է մնալ Ադրբեջանի հսկողության տակ։ Մարաղայի ողբերգական դեպքերի ընթացքում 80-100 հայ է սպանվել, ավելի քան 40–ը` վիրավորվել, 63-ը՝ գերի վերցվել։ Սպանդը շարունակվել է ապրիլի 22-23-ին, երբ ողջ մնացած մարաղացիները վերադարձել են մահացածներին հողին հանձնելու։

1995 թվականին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում կառուցվեց և վերաբնակեցվեց մի նոր գյուղ, որն անվանվեց Նոր Մարաղա՝ որպես կյանքի շարունակության նշան:

Որոնք են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան 121 հայաբնակ համայնքները