Սիրիացի թուրքոմանները ԼՂ–ում. «ուղևորություն» դեպի պատերա՞զմ, թե՞ մեծ վերաբնակեցում

Ղարաբաղում սիրիացի զինյալների վերաբնակեցումը կարող է իրականություն դառնալ։ Պատմության մեջ նման դեպքեր եղել են` Օսմանյան կայսրության օրոք ալբանացիները վերաբնակեցվեցին Կոսովոյում։ Թուրքիայի համար սա Հարավային Կովկասում հաստատվելու լրացուցիչ հնարավորություն է։
Sputnik

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության մեջ ներգրավվեցին մի քանի հազար սիրիացի վարձկաններ, որոնք մարտական գործողությունների գոտի հասան Թուրքիայի միջնորդությամբ։ Եռակողմ համաձայնագրի ստորագրումից ու պատերազմի դադարեցումից հետո մինչ օրս ոչինչ հայտնի չէ ահաբեկիչ–«զբոսաշրջիկների» հայրենիք վերադառնալու մասին։ Մեծ է հավանականությունը, որ սիրիացիներն իրենց ընտանիքներով կհաստատվեն Ադրբեջանին փոխանցված տարածքներում։

«Տունն այնտեղ է, որտեղ մենք ենք, մնում է, որ մենք լինենք». Նոր Մարաղա, օր վերջին

Sky News Arabia հեռուստաալիքի տվյալներով` թուրքական կառավարությունը աջակցում է Սիրիայի հյուսիս–արևելքից Լեռնային Ղարաբաղի շրջաններ թուրքոման ընտանիքների միգրացիային` շրջանի ժողովրդագրությունը փոխելու համար (նրանց ադրբեջանական քաղաքացիություն են խոստանում)։ Թուրքիան արդեն նման տրանսֆորմացիայի փորձ ունի Աֆրին քաղաքում (Սիրիայի հյուսիս–արևելք), որտեղ այսօր բնիկների թիվը 7%–ից պակաս է։

Սիրիայի հյուսիս–արևելքի ինքնավար վարչակազմի ներկայացուցիչ Շաֆան ալ–Խաբուրին Sky News Arabia–ին տված հարցազրույցում հաստատել է սիրիացի ընտանիքներին ԼՂՀ–ում վերաբնակեցնելու վերաբերյալ Թուրքիայի կառավարության նախաձեռնության մասին տեղեկությունը։ Եվ ընդգծել է, որ Թուրքիայի ղեկավարությունը չի մոռանում 1923 –1929 թվականներին Ղարաբաղի տարածքում «Կարմիր Քրդստանի Հանրապետության» գոյության մասին։

Չափից դուրս ֆանտաստիկ բան այս նախագծում չկա։ Ահաբեկչական փորձ ունեցող թուրքոմանները բավականին պատրաստված «զինվորական անձնակազմ» են, որը փոքր գումարի դիմաց պատրաստ է մասնակցել մարտական գործողություններին, միևնույնն է` որտեղ և ում դեմ։ Իսկ Ղարաբաղը «կովկասյան Կոսովոյի» վերածելու հիպոթետիկ տարբերակը Անկարային թույլ կտա ցանկացած ժամանակ հանդես գալ եղբայրական ժողովրդի պաշտպանության օգտին։ Թուրքիայի խորհրդարանն արդեն հավանության է արժանացրել Ադրբեջան զորքի ուղարկումը, և սա միայն աշխարհաքաղաքական մեծ խաղի սկիզբն է Հարավային Կովկասում` ՌԴ–ում արգելված ահաբեկչական կազմակերպությունների` «Ջեբհաթ ան–Նուսրայի», «Ֆիրկաթ Համզայի», «Սուլթան Մուրադի» և ծայրահեղական քրդական խմբավորումների մասնակցությամբ ։

Կովկասի նոր «ենիչերիները»

Թուրքական կողմը պաշտոնապես հերքում է, որ վարձկաններ է ուղարկել Ադրբեջան, և հայտարարում, որ Քրդստանի աշխատավորների կուսակցությունն է զինյալներով օգնում Հայաստանին (այդ կուսակցությունը տասնամյակներ շարունակ պայքարում է թուրքական իշխանությունների դեմ) ։ Բաքվում պնդում են, որ Հայաստանի կողմից են սիրիացի և լիբանանցի վարձկանները, ինչը տեխնոլոգիապես հնարավոր է, բայց արդեն ոչ արդիական։ Փխրուն խաղաղությունը ժամանակի փորձություն է անցնում։ Պետք է դիվանագիտական ելք փնտրել ղարաբաղյան փակուղուց, ոչ թե Ղարաբաղում վերաբնակեցնել կասկածելի անցյալով մերձավորարևելյան «գաղութաբնակներին»։

Վերջին ճամփորդությունը դեպի Քարվաճառ, կամ ինչ ենք թողնում թշնամուն. լուսանկարներ

Հիշեցնեմ, որ Լաթակիա և Հալեպ գավառներում շուրջ 100 հազար սիրիացի թուրքոման է բնակվում, որոնք կապված են մի շարք ահաբեկչական կազմակերպությունների հետ և երկար տարիներ պայքարում են Սիրիայի կառավարական զորքերի դեմ։ Թուրքիայի իշխանություններն աջակցում են թուրքոմանների զինված կազմավորումներին։ Նոյեմբերի 23-ին Аfrinpost մեդիառեսուրսը հայտնեց, որ թուրքական իշխանությունները երկու գրասենյակ են բացել այն ընտանիքների համար, որոնք ցանկանում են գրանցվել Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու համար, և արդեն թուրքոման ընտանիքների հերթեր են գոյացել (գերազանցապես Հոմս գավառից)։ Այդ մարդկանց երևի կարողացել են մոտիվացնել։ Միգրանտներին ԼՂ ուղարկելուց առաջ թուրքական հետախուզությունը նրանց տվյալները մուտքագրում է իր բազայում։

Ադրբեջանում «Ռոնաի» քրդական մշակույթի կենտրոնի ղեկավար Ֆահրադին Փաշաևի գնահատականով` այսօր Ադրբեջանում մոտ 240 հազար քուրդ է բնակվում, սակայն Թուրքիան մտադիր է ոչ թե մերձավորարևելյան քրդերին վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղում, այլ բացառապես թուրքոմաններին (ընտանիքներով)։ Արդյոք դա կօգնի՞ Ադրբեջանին, էլ չենք խոսում հայկական բնակչության մասին։

1923 թվականի մարդահամարի համաձայն` Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում հայերի թիվը 94% է կազմել, ադրբեջանցիներինը` 6%։ Քրդերն ու ռուսները ակնհայտ փոքրամասնություն են եղել։ Խորհրդային իշխանության տարիներին Ղարաբաղում հայկական բնակչության թիվը նվազել է մինչև 77%, ադրբեջանցիներինը` դարձել ավելի քան 21%։ 1990-ականների սկզբի պատերազմն իր շտկումները մտցրեց։ Ժողովրդագրական կազմը հեռանկարային առումով դժվար է պատկերացնել։

Բանակային առօրյա

Խաղաղապահների ռուսական խմբավորումը Լեռնային Ղարաբաղի հայկական մասում հնարավոր ամեն բան անում է հետպատերազմական կյանքը կարգավորելու համար։ Ինժեներասակրավորական ստորաբաժանումները ինժեներական հետախուզում, ճանապարհների ականազերծում են իրականացնում, ընդհանուր օգտագործման ճանապարհներից տարհանում այրված տեխնիկան։ Ստեփանակերտում վերականգնվել է ճանապարհային երթևեկությունը, քաղաքացիական ենթակառուցվածքների սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը, մարդասիրական կենտրոն է գործում, հոսպիտալ է տեղակայվում։ Ռուս խաղաղապահներն ուղեկցում են փախստականներին տեղափոխող ավտոբուսները, արդեն իսկ տուն է վերադարձել մի քանի հազար տեղի բնակիչ։

«Մեր ժողովուրդը նրանց լավ է ընդունում». Արցախի բնակիչները` ռուս խաղաղապահների մասին

Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների` նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարության համաձայն` նոյեմբերի 25-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները մտան Քելբաջարի շրջան, նոյեմբերի 20-ին Բաքվի վերահսկողության տակ անցավ Աղդամի շրջանը, հաջորդը (դեկտեմբերի 1-ին) կլինի Լաչինի շրջանը։ Տարածքներն Ադրբեջանին հանձնելը չի նշանակում, որ 1992 թվականի փախստականներն իսկույն կվերադառնան այնտեղ։

Ղարաբաղի հետագա ճակատագիրը մեծ մասամբ կախված է Ադրբեջանի Հանրապետության բանակից և ռազմաքաղաքական ղեկավարությունից։ Խիստ անցանկալի է, որ 7 շրջանները հայկական «անվտանգության գոտուց» փոխակերպվեն սակավամարդ ու վտանգավոր ադրբեջանական գոտու։ Հավանականություն կա, որ 7 շրջաններն էլ կվերաբնակեցվեն սիրիացի թուրքոմաններով։ 28 տարի անց դժվար կլինի վերադարձնել ադրբեջանցի փախստականներին, որոնք արդեն նոր տեղում են հաստատվել։ Եվ կստացվի, որ մի ժողովուրդը կփոխարինվի մյուսով։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի, հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի ու ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունդարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ հակամարտության լուծման գործում Ռուսաստանն ու Թուրքիան հավասարազոր դեր են ունեցել։ Թուրքիայում ռազմական խորհրդականները թիվը մեծ է։ Նրանց զգալի մասի առկայությունն Ղարաբաղից հեռու, բայց Հայաստանի հետ սահմանակից Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում վկայում է, որ Բաքուն ու Անկարան ի սկզբանե պատրաստ էին մեծ պատերազմ իրականացնել ողջ «հայկական ճակատում»։ Ռուսաստանը կանգնեցրեց մարտական գործողությունները, և ոչ բոլորն են գոհ դրանից։

Նոյեմբերի 24-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ ՌԴ–ի հետ բանակցությունները շարունակվում են նաև եռակողմ համաձայնագիրը ստորագրելուց հետո, Ղարաբաղում թուրքական պարեկություն է նախատեսվում դիտորդական կետերի միջև, և որ ամենակարևորն է. «Մենք դա կիրականացնենք Ադրբեջանի հետ մեր բանակցությունների համաձայն»։

Ակնհայտ է, որ խոսքը համատեղ մոնիտորինգային կենտրոնի մասին չէ։ Անկարան պատրաստ է գործել` ի հեճուկս տարածաշրջանի շահերի և հակամարտության կողմերին հանդարտեցնելու տրամաբանության։ Հնարավոր է` Ղարաբաղի «նոր խաղաղությունը» ինչ–որ մեկին խանգարում է։