ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր հեռուսստաուղերձում անդրադարձել է Աննա Հակոբյանի՝ հրամանատարական կետ մուտք գործելու փաստի առիթով բարձրացած աղմուկին:
«Իմ տիկնոջն են թիրախ դարձնում՝ մոռանալով հարց տալ՝ իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70%-ը լքել էր իր բնակության վայրը, ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը: Բադեն Բադենի սանատորիա՞ էր հրթիռակոծվող Ստեփանակերտը, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում ներկայացնել որպես իշխանության ցոփության մի աննկարագրելի օրինակ: Ռմբապաստարաններում մնացած մարդկանց հաց ու ջուր անձամբ հասցնելը հանցագործությո՞ւն է: Չէի իմացել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև շեշտեց, որ իր ընտանիքի անդամը մեկ անգամ է այցելել Արցախի ՊԲ հրամանատարական կետ՝ իր հանձնարարությամբ՝ ՊԲ-ին բարոյական զորակցություն հայտնելու նպատակով:
Փաշինյանը ընդգծեց, որ իր ընտանիքի անդամին Ստեփանակերտ է ուղարկել այն պայմաններում, երբ բանակում լուրեր էին տարածվում, թե թիկունքը լքել է իրենց, ուղարկել է, որ «մարդիկ տեսնեն, որ վարչապետի ընտանիքի անդամն է գտնվում Ստեփանակերտում»:
Հիշեցնենք` «Wargonzo» տեղեկատվական նախագիծը, որն արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում ակտիվորեն լուսաբանում էր իրադարձությունները, անդրադարձել էր նաև հետպատերազմական տեղեկատվական արտահոսքերին։ «Wargonzo»–ն հայտնել էր, որ իրենց ծրագրի ղեկավար Սեմյոն Պեգովին զանգահարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը` խնդրելով պատասխանել Վլադիմիր Սոլովյովի այն հաղորդմանը, որտեղ ռուսաստանցի հրատարակիչ, «News Media» հոլդինգի նախկին գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովը հայտարարել է, թե ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պատերազմի օրերին Արցախում մասնակցել է ռազմական խորհրդի նիստերին և դրանցից մեկի ժամանակ միջադեպ է գրանցվել գեներալ Մովսես Հակոբյանի հետ:
Մովսես Հակոբյանը նշեց` որն է եղել գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյանի սխալը