Փաշինյանը նոր փոխնախարար է նշանակել

ՀՀ նորանշանակ արտգործնախարարը նոր տեղակալ ունի։ ՀՀ վարչապետը ստորագրել է որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով արտաքին գործերի նախարարի նոր տեղակալ է նշանակվել։ ԱԳ փոխնախարարի պաշտոնը կզբաղեցնի Արմեն Ղևոնդյանը։ Տեղեկությունը նշված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Ղևոնդյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի հրամանագրում:

Նշենք, որ Արմեն Ղևոնդյանը 2018թ-ից Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն էր և Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչը (նստավայրը՝ Մինսկ)։

12–ից 6–ն արդեն հեռացել են. որ նախարարներն են ազատվել պաշտոնից

2020թ․ հոկտեմբերի 20-ին համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)։

1998-2001թթ. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում եղել է գլխավոր մասնագետ,
2001-2002թ․ ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչությունում 1-ին քարտուղար, այնուհետև Ռազմաքաղաքական համագործակցության բաժնի վարիչի պաշտոնակատար,

2002-2007թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար է նշանակվել, այնուհետև՝ խորհրդական,

2007-2018թթ․ եղել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական՝ ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության հարցերով,

2010-2018թթ․ զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչության պետի պաշտոնը։

Նա պարգևատրվել է «Մխիթար Գոշ», ՀՀ ՊՆ «Ծովակալ Իսակով», ՀՀ Ազգային ժողովի մեդալներով, ԱԳՆ «Ջոն Կիրակոսյան» հուշամեդալով, ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության» շքանշան, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի «Խորհրդարանական համագործակցության ամրապնդման համար» մեդալով։