Ուրիշ էլ ինչպե՞ս պետք է ասվեր` աղիողորմ ճիչերո՞վ. Փաշինյանը` ինֆորմացիա չտրամադրելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` պատերազմի ընթացքի մասին ժողովրդից ոչինչ չեն թաքցրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ պատերազմի մեկնարկի ժամանակ և հընթացս ասել է ամեն ինչ, սակայն մի փոքր այլ` պատերազմին հատուկ եղանակներով ու ձևերով։ Փաշինյանը նման հայտարարություն արեց իր տեսաուղերձում` խոսելով այն մասին, թե ժողովուրդը կորցրել է վստահությունը պաշտոնական լրատվության նկատմամբ։

«Ես ասել եմ ամեն ինչ, սակայն այնպես, որ ասվածը հակառակորդին չտա այնքան տեղեկատվություն, որը կարող է անթույլատրելի լինել և սպառնալիք դառնալ մեր անվտանգության համար»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց` պաշտոնական մարմինների կողմից մի՞թե չի ասվել, որ մարտեր են ընթանում Հադրութի մոտ, Մարտունու, Շուշիի և Քարին տակի մերձակայքում, Սյունիքի ինքնապաշտպանության խմբեր ձևավորելու մասին չի՞ ասվել։

Եռակողմ համաձայնագիրը դատափետողները չեն ասում` առաջարկո՞ւմ են հրաժարվել դրանից. Փաշինյան

«Ի՞նչ էր նշանակում այդ ամենը կամ ուրիշ էլ ինչպե՞ս պետք է ասվեր` աղիողորմ ճիչերո՞վ, փախչել–փրկվելու կոչերո՞վ, խուճապ տարածելո՞վ։ Ասվել է բանակի գեներալների ու սպաների հերոսության մասին` մի՞թե դա սուտ է»,–հարցրեց Փաշինյանը` հավելելով, թե նրանց կյանքերը փրկելու համար է նաև գնացել եռակողմ համաձայնագրի կնքման մասին որոշմանը։

Վարչապետի խոսքով` ապատեղեկատվություն տարածելով` նպատակ է դրվում անջրպետ ստեղծել կառավարության և ժողովրդի միջև, որը մինչ օրս չի հաջողվել։ Նա կարծում է, որ, ճիշտ է, ժողովուրդը հարցեր ունի, դառնացած է և հուսալքված, բայց ինքն այդ ամենի միջից տեսնում է ժողովրդի վստահությունը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների փոխանակումը. ՄԻՊ–ը դիմել է միջազգային հանրությանը

Նոյեմբերի 27-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1712 զոհվածների անունները։

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։ 

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ադրբեջանն իր կորուստների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չի հայտնում, սակայն հայկական կողմի տվյալներով`  Ադրբեջանի ԶՈւ–ն պատերազմի ընթացքում զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը