Նախկին նախարարը կոչ է անում փրկել Ադրբեջանի ստրկության մեջ հայտնված հայ գերիներին

Հայ ռազմագերիներ Ադրբեջանում ամեն օր ենթարկվում են դաժան ու անմարդկային փորձությունների, ֆիզիկապես և բարոյապես նրանց նսեմացնում ու ստորացնում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մշակույթի նախկին նախարար, հայտնի հաղորդավար Արմեն Ամիրյանը Facebook-ում գրառում է արել, որով դիմել է աշխարհի բոլոր պետությունների քաղաքական և հոգևոր առաջնորդներին, իր ընկերներին ու բարեկամներին:

«Խորը ցավով դիմում ենք ձեզ պատերազմի հետևանքով Ադրբեջանում անմարդկային, դաժան ու բիրտ ստրկության մեջ հայտնված Հայաստանի ռազմագերիների փրկության համար։

«Իշխանություն չունենք». գերիների հարցով հայ արվեստագետները կդիմեն միջազգային կառույցներին

Մինչ քրիստոնյա աշխարհը նշում է գոհաբանության օրն ու նախապատրաստվում Սուրբ ծննդյան տոներին, նույն ժամանակ մի քանի հարյուր հայ ռազմագերիներ Ադրբեջանում ամեն օր ենթարկվում են դաժան ու անմարդկային փորձությունների, ֆիզիկապես և բարոյապես նրանց նսեմացնում ու ստորացնում են (ասածիս վկայությունը հենց ադրբեջանական կողմի տարածած տասնյակ տեսագրություններն են)»,- գրում է Ամիրյանը։

Նա նաև նշում է, որ ռազմագերիների ծնողներն ամեն օրն անցկացնում են Հայաստանի կառավարության, Հայաստանում օտարերկրյա դեսպանատների և միջազգային կառույցների դռների մոտ՝ հուսով, որ մի լուր կստանան իրենց զավակների ճակատագրից՝ միևնույն ժամանակ հասկանալով , որ ամեն ժամն ու րոպեն կարող է լինել վերջինը։

«Աշխարհի մարդիկ, Սուրբ Ծննդյան և Ամանորի մեր աղոթքը թող լինի ռազմագերիների շուտափույթ փրկության համար։ Եկեք միասին բարձրացնենք մեր ձայնը, դիմենք աշխարհի քաղաքական ու հոգևոր առաջնորդներին, միջազգային մարդասիրական կազմակերպություններին՝ ժամ առաջ ռազմագերիներին տուն վերադարձնելու համար։ Հավատացեք, որ դա կլինի Սուրբ ծննդյան ամենաշնորհակալ ծառայությունը»,- գրում է նախկին նախարարը։

Մեծ թիվ են կազմում. ՀՀ նախկին ՄԻՊ–ը խոսել է գերիների ու անհետ կորածների մասին

Ամիրյանը ավելացնում է, որ քանի դեռ մեր որդիները գերության մեջ են, այս կոչն ամեն օր ֆիզիկապես և մտովի ուղարկելու է իր բոլոր ընկերներին, բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին, աշխարհի քաղաքական և հոգևոր առաջնորդներին։