Մոսկվան պետք է ավելի «ագրեսիվ» քաղաքականություն վարի Անկարային զսպելու համար. Աթաև

Քաղաքագետ Արթուր Աթաևը մեկնաբանել է ԼՂ–ում մարտական գործողություններից հետո տարածաշրջանում Անկարայի դերի ուժեղացման հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի ձգտումները նախևառաջ պայմանավորված են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական հավակնություններով, որոնք պետք է սահմանափակել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արթուր Աթաևը։

Աթաևի խոսքով` այս պահին ԼՂ–ի շուրջ իրավիճակի զարգացման միայն բացասական սցենարներ են երևում։

«Շատ է ուժեղացել արտաքին գործոնը` ի դեմս Թուրքիայի, որը չպետք է այդ աստիճան գերիշխի տարածաշրջանում։ Ընդ որում` մեծ մասամբ դա վերաբերում է անձամբ Թուրքիայի նախագահին», – նշեց քաղաքագետը։

Աթաևը հիշեցրեց Էրդողանի հետ մինչև 2017 թվականն աշխատող նախկին վարչապետ և «Թուրքական ապագա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները։ Դավութօղլուի կարծիքով` համաշխարհային հանրությունը չի գիտակցում, թե որքան վտանգավոր է Թուրքիայի ներկայիս նախագահն աշխարհի համար։

«Էրդողանը հեղինակություն է վայելում դեռ չձևավորված, բայց ձևավորման միտում ունեցող «թուրքական աշխարհում»։ Դա փաստ է, և մենք մեծ հավակնություններ ենք տեսնում, լսել ենք ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Էրդողանի հայտարարությունները, որոնք երբեմն ավելի կոշտ ու ռադիկալ են եղել, քան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևինը», – նկատեց Աթաևը։

Սիրիացի թուրքոմանները ԼՂ–ում. «ուղևորություն» դեպի պատերա՞զմ, թե՞ մեծ վերաբնակեցում

Նրա խոսքով` պատմությունը ցույց է տալիս, որ թուրքական գործոնի ուժեղացումը վատ հետևանքների է հանգեցնում։ Ընդ որում` Թուրքիայի ուժեղացման գործոնը վերաբերում է Հարավային Կովկասի բոլոր երկրներին, այդ թվում` Վրաստանին և Ադրբեջանին։

Աթաևը կարծում է, որ այժմ սադրանքներ չեն լինի, բայց կլինի Թուրքիայի «ագրեսիվ դիրքավորում»` որպես Հարավային Կովկասի խաղացող, քանի որ Անկարայի համար տարածաշրջանում Թուրքիայի ռազմական ներկայության գործընթացի «լեգիտիմացումը» անցած փուլ է։

«Թուրք զինվորականներն առաջին անգամ են նման ծավալով և որակով ներկա գտնվում այստեղ։ Կարծում եմ` բազմակողմանի (դիվանագիտական, ռազմական, տնտեսական) ճնշումներ են լինելու Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի տարածաշրջանային քաղաքական էլիտաների վրա», – նշեց Աթաևը։

Նրա խոսքով` Անկարան, որը փորձ է ձեռք բերել Չադում, Կատարում, Լիբիայում, Սիրիայում, գլոբալ «խաղի» է հավակնում։ Սա շատ վտանգավոր խաղ է` հաշվի առնելով Թուրքիայի աշխարհաքաղաքական մեծ հավակնությունները։

Այդ ֆոնին Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում, քաղաքագետի կարծիքով, պետք է լավ իմաստով ավելի ագրեսիվ լինի։

Ինչ գիտեն Ղարաբաղյան հակամարտության մասին Ռուսաստանում. հարցում

«Պետք է շատ ակտիվ գործել քաղաքական մակարդակում և ազդել այն երկրների վրա, որոնք Մոսկվայի հետ մեկտեղ կարող են չափավորել Թուրքիայի հավակնությունները», – համոզված է Աթաևը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են