Հեռուստամարաթոն 2020-ի արդյունքում 22 միլիոն դոլարից ավելի գումար է հանգանակվել

Շուրջ 100 000 արցախցի աջակցություն կստանա` կապահովվեն բնակարաններով և 1 տարվա համար անհրաժեշտ կենցաղային պարագաներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 26-ին` Գոհաբանության օրը, Լոս Անջելեսում տեղի է ունեցել 23–րդ ամենամյա հեռուստամարաթոնը, որի կարգախոսն էր «Համախմբվածություն, ուժ, հավատ»: ԱՄՆ հայ համայնքի համախմբվածության շնորհիվ հանգանակվել է 22 990 898 դոլար։

«Մեր հայրենիքի կողքին ենք». Սալոնիկի հայերը հանգանակություն են կազմակերպել Արցախի համար

«Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակով պայմանավորված՝ հանգանակություններն ուղղվելու են Արցախից տեղահանված և զինվորների ընտանիքների աջակցմանը։ Շուրջ 100 000 մարդ աջակցություն կստանան` կապահովվեն բնակարաններով և 1 տարվա համար անհրաժեշտ կենցաղային պարագաներով, ինչպես նաև կկազմակերպվի տեղահանված երեխաների պատշաճ կրթությունը»,– նշել է ԱՄՆ–ի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանյանը:

Սեպտեմբերի 27–ից ԱՄՆ հայ համայնքն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել հայրենիքի փրկության համար կազմակերպված դրամահավաքին և մինչև հեռուստամարաթոնն արդեն իսկ 80 մլն ԱՄՆ դոլարի նվիրաբերություն էր արել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22–ին սկսված Ֆրանսիական հեռախոսամարաթոնի շրջանակներում արդեն հանգանակվել էր շուրջ 3.132.000 դոլար:

«Ինձ պատերազմ չեն տանում, բայց ես ձեռքերս ծալած չեմ նստում». հանգանակություն բանակի համար

Նշենք, որ նախորդ տարի հեռուստամարաթոնի շրջանակներում ավելի քան 2.5 անգամ ավելի քիչ գումար էր հավաքվել` շուրջ 9 մլն դոլար։