Գերիների հետ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ նոր փաստեր են ներկայացվում ՄԻԵԴ

Գերիներին վերաբերող հարցերը չափազանց զգայուն թեմա են նրանց հարազատների համար, ազգույշ քայլերը կարող են մեծ տառապանք պատճառել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ շարունակաբար նոր փաստեր են ներկայացվում ՄԻԵԴ։ Տեղեկությունը հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Facebook-ի պաշտոնական էջում։ Գրասենյակը շարունակում է զբաղվել նաև Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների իրավունքների հարցերով։

Փաշինյանը գերիների ու անհետ կորածների հարցով հանդիպել է Կարմիր խաչի ներկայացուցիչներին

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված անձանց կյանքի իրավունքի պահպանման ուղղությամբ արված բոլոր իրավական քայլերի, այդ թվում ՀՀ-ի կամ անհատ փաստաբանների կողմից ՄԻԵԴ ուղարկված դիմումների, Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջոցների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը տրամադրել է ինչպես ՀՀ արտաքին գործերի և ՀՀ պաշտպանության նախարարություններին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ ձեռնարկելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գերիների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն ուսումնասիրելու և հետագա իրավական քայլերը ձեռնարկելու համար ուղարկվում է նաև պետական այլ մարմիններ:

ՀՀ պաշտպանության նախարարը գերիների վերադարձի հարցով խոսել է Ռուստամ Մուրադովի հետ

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է գերեվարված անձանց իրավունքների պաշտպանությանը և նրանց շուտափույթ վերադարձին, բայց և զգուշացնում է․ սա չափազանց զգայուն թեմա է նրանց հարազատների համար:

Հայ ռազմագերիների հարցը ՀՀ զինդատախազը քննարկել է Human Rights Watch-ի հետ

«Ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է սոցիալական հարթակների միջոցով անձնական տվյալների հավաքագրմանը, գերեվարված անձանց թվի վերաբերյալ տվյալների հրապարակայնեցմանը կամ անհայտ աղբյուրներին հղում կատարելով հայտարարությունների տարածմանը, ոչ միայն կարող է վտանգել գերեվարվածների կյանքը և առողջությունը, այլև անասելի ցավ և տառապանք է պատճառում նրանց հարազատներին»,- ամփոփում է գրասենյակը։

Նշենք, որ վերջին ացախյան պատերազմի ընթացքում Հայաստանը մի քանի դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ադրբեջանի ու նաև Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։

Բացի այդ, հայկական կողմը հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ է ներկայացրել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների փոխանակումը. ՄԻՊ–ը դիմել է միջազգային հանրությանը

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություններ ներկայացնել նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև նոյեմբերի 27-ը։

Դատարանը որոշումները կայացրել է՝ արձանագրելով, որ Ադրբեջանի կառավարությունը դատարանի սահմանված ժամկետում չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ։