Եթե Ադրբեջանի կողմից տարածվող տեսանյութերում ճանաչել եք հարազատի, դիմեք Քննչական կոմիտե

Ուսումնասիրվում են ռազմագերիների, նաև գերու կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող դեպքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Բոլոր այն անձինք, ովքեր համացանցում ադրբեջանցիների կողմից նկարահանված տեսանյութերում ճանաչել են իրենց հարազատներին, պետք է դիմեն ՀՀ քննչական կոմիտե։ Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խումբն իրականացնում է մեծածավալ աշխատանք՝ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու և այլ դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակներում։

Հայ ռազմագերիներ. ԿԽՄԿ–ն հերքում է, Արտակ Բեգլարյանը` նախազգուշացնում

«Նախաքննության ընթացքում, ի թիվս այլնի, վարույթն իրականացնող մարմնի կողմից քննության առարկա են դարձվում նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի՝ ռազմագերու կարգավիճակում գտնվող զինծառայողների, ինչպես նաև` քաղաքացիական բնակչության նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքների՝ սպանությունների, խոշտանգումների, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի բոլոր դեպքերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նրանք, ովքեր տարածվող տեսանյութերում կտեսնեն իրենց հարազատներին, և դեռևս նրանց մասնակցությամբ քննչական գործողություններ չեն իրականացվել, կարող են կապ հաստատել քրեագիտական վարչության հետ՝ (011)88-00-94 և (011)88-00-21 հեռախոսահամարներով:

Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ները` հղում անելով ռուս գործընկերներին, հայտնել էին 150 հայ գերիների մասին։

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա, նրանց թվում զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Այս պահի դրությամբ լրատվամիջոցներին հայտնի են երեք գերիների անունները՝ Արեգ Սարգսյան, Նարեկ Ամիրջանյան և Ալբերտ Միքայելյան, և մեկ խաղաղ բնակիչ՝ Ազնիվ Բաղդասարյան:

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով: