Այդ գեներալն առնվազն կիսում է պատասխանատվությունը. Փաշինյանն արձագանքեց Մովսես Հակոբյանին

Վարչապետը հայտնեց, որ բանակի բյուջեից 42 մլն դոլար մսխելու և անպիտան զենք գնելու փաստի առիթով ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցված:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Արցախի 9-րդ պաշտպանական շրջանի հերոսական դիմադրության ճեղքման պատասխանատվությունը կիսում է նաև ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը: Տեղեկությունն այսօր իր հեռուստաուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սանատորիա՞ էր հրթիռակոծվող Ստեփանակերտը». վարչապետը խոսեց իր տիկնոջ շուրջ լուրերի մասին

«Այն գեներալը, որն առնվազն կիսում է պատասխանատվությունն այդ պաշտպանական շրջանի ճեղքման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ է անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 մլն դոլար մսխելու փաստի առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված ԱԱԾ-ում՝ մի դրվագով, մյուս դրվագով հետաքննություն է ընթանում»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը շեշտեց, որ ոմանք պատերազմի ընթացքում Ստեփանակերտից հետ են կանչվել խուճապ տարածելու և աղետի բերած ապօրինի միջամտությունների պատճառով:

Վարչապետը հայտարարեց, որ այս փաստերը դեռ պարզաբանվելու են:

Սոթքում տեղի ունեցող գործընթացները եռակողմ հայտարարության շրջանակում են. վարչապետ

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին իր ասուլիսի ժամանակ Մովսես Հակոբյանը հանդես էր եկել մի շարք հայտարարություններով։ Մասնավորապես, նա ասել էր, որ արցախյան պատերազմի պարտության հիմնական պատճառը վատ կառավարումն է եղել։ Բացի այդ, 2018-ի զենքերի գնման պլանում փոփոխություններ են եղել, և հայկական կողմը ձեռք է բերել զենքեր, որոնք այս պատերազմի ժամանակ չեն կրակել։ Նա հայտնել էր նաև, որ իրականացվել է զինված ուժերի օպտիմալացում, որի արդյունքում կրճատվել է բանակի մարտավարական հինգ գունդ: