Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների փոխանակումը. ՄԻՊ–ը դիմել է միջազգային հանրությանը

Արման Թաթոյանը կարծում է, որ ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը դարձել է րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրատապ դիմել է միջազգային հանրությանը` հայտնելով, որ Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը։

«Դիմում եմ միջազգային հանրությանը և հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող արտերկրյա կառույցներին. անհրաժեշտ է առավելագույն հնարավորություններով ու իրական քայլերով հրատապ լուծել այս խնդիրը՝ պատերազմական ամենածանր հանցագործություններից ու անմարդկային, դաժան գերությունից մարդկանց ազատելու նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՄԻՊ–ն ասում է` ադրբեջանական իշխանությունները որպես պատճառաբանություն մի կողմից նշում են, թե գերիների փոխանակումն իրականացվելու է դիերի փոխանակման գործընթացի ավարտից հետո, մյուս կողմից, ինքնին դիերի փոխանակման գործընթացը ձգձգվում է առանց պատճառաբանության։ Այս ամենով Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։

Մեծ թիվ են կազմում. ՀՀ նախկին ՄԻՊ–ը խոսել է գերիների ու անհետ կորածների մասին

Ըստ Թաթոյանի` ակնհայտ է, որ Ադրբեջանն այս ամենով նպատակ ունի դիտավորությամբ հայ հասարակությունում ստեղծել անորոշության ու լարվածության մթնոլորտ, հոգեկան տառապանքներ պատճառել մահացած զինծառայողների ու գերիների ընտանիքների անդամներին:

Լրատվամիջոցների ու հատկապես սոցիալական մեդիայի ադրբեջանական աղբյուրներից անընդհատ հրապարակվում են տեսանյութեր ու լուսանկարներ, թե ինչպես է ադրբեջանական ԶՈւ–ն անարգում հայկական կողմի զինծառայողների դիերը, խոշտանգում ու նվաստացնում գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց։ Թաթոյանը կարծում է, որ պատերազմական գործողությունների ողջ ընթացքում ակնհայտ էր, որ ադրբեջանական իշխանությունները խրախուսում են այս դաժանություններն ու նվաստացումները՝ նպատակ ունենալով Ադրբեջանում բորբոքել էթնիկ հայերի նկատմամբ ատելություն ու թշնամանք, հերոսացնել դրանք կատարողներին:

«Իշխանություն չունենք». գերիների հարցով հայ արվեստագետները կդիմեն միջազգային կառույցներին

ՄԻՊ–ի խոսքով` ստեղծված պայմաններում գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը դարձել է րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր։

Հիշեցնենք, որ այս օրերին անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են անում կառավարության առջև` պահանջելով, որ իրենց զավակներից որևէ լուր տան, գերիների փոխանացման գործընթաց սկսեն։