Զինադադարի հաստատումից հետո երկու լիբանանահայ է անհետացել. Սինանյան

Լիբանանահայերը գնացել են իրենց գույքը հանելու, դրանից հետո լուր չկա նրանցից. անհետացել են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Արցախում պատերազմի դադարեցման վերաբերյալ հայտարարությունից հետո երկու լիբանանահայ է անհետացել: Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Զինադադարի հաստատումից հետո Արցախում մեկ կին և մեկ երիտասարդ անհետացել են: Գնացել են իրենց գույքը հանելու, և դրանից հետո լուր չունենք նրանցից։ Անհետացել են: Ավելի ուշ մեզ հայտնեցին, որ նրանց հեռախոսները թուրքերի մոտ են»,- ասաց Սինանյանը:

Տղամարդը երկար տարիներ առաջ է տեղափոխվել Արցախ, իսկ կինը վերջերս` օգոստոսին։ Սինանյանի խոսքով` լիբանանահայերից մեկը Շուշիում էր ապրում։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հավելեց` պատկան մարմինները` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Կարմիր Խաչն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղյակ են այս մասին։

Քարվաճառում տեղադրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս. Թովմասյան

Հարցին, թե սփյուռքահայերին առնչվող սա միա՞կ դեպքն է` Սինանյանը պատասխանեց` իրենց հայտնի միակ դեպքն է։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են