Ռազմական դրությունը Հայաստանում շարունակվում է. խորհրդարանը մերժեց ընդդիմության առաջարկը

Քվեարկությունից առաջ իրենց դիրքորոշումներով հանդես եկան խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. ԱԺ-ը 36 կողմ, 56 դեմ, 2 ձեռնպահ ձայներով քիչ առաջ մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական առաջարկը՝ Հայաստանում ռազմական դրությունը չեղարկելու մասին:

Իրարանցում ու բղավոցներ ԱԺ-ում. Ալեն Սիմոնյանը կանչեց անվտանգության աշխատակիցներին

Քվեարկությունից առաջ իրենց դիրքորոշումներով հանդես եկան խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ ռազմական դրության չեղարկումով ընդդիմության հաջորդ քայլը լինելու է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը, և, որ ընդդիմությունը դա չի էլ թաքցնում:

«Նիկոլ Փաշինյանն այլևս չկա, Նիկոլ Փաշինյանն այլևս ուրվական է, որ ճանկռտելով կառչել է իր աթոռից՝ ահաբեկելով բոլոր նրանց, ովքեր համարձակություն կունենան ասելու, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա»,- ասաց նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչ հայտարարություններ են արվել, այդ թվում ՀՀ ամենաբարձր մակարդակով մինչև պատերազմը, պատերազմից հետո ու անգամ եռակողմ հայտարարության ստորագրումից օրեր առաջ:

Պաշտպանության նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ ռազմական դրությունը չեղարկելուց

«Հասկանում եմ, որ մարդկանց ահ եք ներշնչել, որ հեսա նախկինները գալու են: Նախկինները չեն գալու: Ես ամեն ինչ անելու եմ, որ նախկինները չգան, բայց դուք էլ չեք մնալու»,- հայտարարեց Մարուքյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել ռազմական դրությունը չեղարկելու իրենց նախաձեռնությանը:

Իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իր գործընկերներին կոչ արեց թեթևացնել բանակի՝ առանց այդ էլ ծանր հոգսը:

«Այս ռեժիմը եթե փոխում ենք, գլխավոր շտաբը չի կարող հերթափոխներ իրականացնել, հանգիստը կազմակերպել: Մենք հիմա զորակոչ ունենք մեր առջև: Պաշտպանության բանակի ճակատագիրն ի՞նչ է լինելու: Մենք միասին պիտի լուծենք»,- ասաց նա: Իսկ ընդդիմությանն առաջարկեց միասին փնտրել ու գտնել ճգնաժամը հաղթահարելու ուղին՝ որոշ ժամանակ հրաժարվելով ռազմական դրության ռեժիմը չեղարկելու նախագծից:

Նշենք` «Լուսավոր Հայաստանն» ԱԺ-ին առաջարկել էր երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ, որի առաջին քայլը ռազմական դրության վերացումն է, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածն արգելում է ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը:

Արձանագրենք`Հայաստանն այսօր չունի իշխանություն. Նաիրա Զոհրաբյանը` Սոթքի իրավիճակի մասին

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1678 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։