Քարվաճառում տեղադրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս. Թովմասյան

Գեղարքունիքի մարզը ներկայացնող պատգամավորը չբացառեց, որ իր ելույթի ընթացքում արդեն պարզվի նաև, որ ադրբեջանցիները հասել են Սոթք ու մտել ոսկու հանքի տարածք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Քարվաճառում երեկ տեղադրված դարպասները կոտրվել են: Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Քարվաճառի շրջանում մենք լուրջ խնդիրներ ունեն. երեկ դրված դարպասներն այսօր արդեն կոտրվել են, ու իրենք առաջ են գալիս»,- ասաց Թովմասյանը:

Նա նաև հայտնեց, որ քիչ առաջ է խոսել կորպուսի հրամանատարի հետ, նա հաստատել է այդ տեղեկությունն ու ասել, որ դարպասները կոտրվել են ու առաջ են բերվում, որ այլ տեղ դնեն:

«Ու դա, մեղմ ասած, խայտառակություն է: Ես չեմ հասկանում՝ եռակողմ պայմանագրի երկրորդ կամ երրորդ կողմը ուր է: Ուղղակի անհասկանալի է»,- ասաց Թովմասյանը:

Վերջին ճամփորդությունը դեպի Քարվաճառ, կամ ինչ ենք թողնում թշնամուն. լուսանկարներ

Որպես Գեղարքունիքի մարզից ընտրված պատգամավոր` Թովմասյանը բանակին կոչ արեց կանգնել թշնամու վտանգի առաջ միայնակ մնացած ժողովրդի կողքին:

Նա նաև չբացառեց, որ իր ելույթի ընթացքում արդեն պարզվի նաև, որ ադրբեջանցիները հասել են Սոթք ու մտել ոսկու հանքի տարածք, մինչդեռ իր հետ զրույցում կորպուսի հրամանատարը չէր հաստատել այդ տեղեկությունները:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են