Պաշտպանության նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ ռազմական դրությունը չեղարկելուց

Ռազմական դրության չեղարկումը նոր խնդիրների կհանգեցնի: ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանն ԱԺ-ում հայտարարեց, որ ՊՆ-ն որոշ իրավական ակտեր մշակել է, բայց դրանք դեռ ՊՆ-ից դուրս չեն եկել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Պաշտպանության նախարարությունն ԱԺ-ին հորդորում է ձեռնպահ մնալ ռազմական դրությունը չեղարկելուց: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը:

«Այն տարբերակը, որը ներկայացված է քննարկման, անմիջապես ընդունելու և լրացուցիչ կարգավորումները չընդունելու պարագայում լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու անվտանգային և պաշտպանական հարցերի վերաբերյալ,- ԱԺ նիստի արտահերթ ելույթում ասաց նա,- միայն ռազմական դրության չեղարկումը մեզ կկանգնեցնի նոր խնդիրների առաջ»:

«Արցախն Ադրբեջանին է հանձնում ոչ թե 121, այլ 181 բնակավայր». ԱԺ փոխնախագահ

Սարգսյանը նաև հայտարարեց, որ ՊՆ-ն  լրացուցիչ իրավական կարգավորումներ է մշակել՝ խնդիրներից խուսափելու համար: Դրանք, ըստ նրա, իրավական ակտերի տեսքով արդեն մշակված են, բայց դեռ ՊՆ-ից դուրս չեն եկել:

«ՊՆ-ից դուրս դրանք դեռևս չեն շրջանառվել, և կարիք ունեն այլ նախարարություններում ու մասնագիտական շրջանակներում քննարկվելու՝ մինչև կառավարության կողմից վերջնական ընդունումը: Հետևաբար, մեր առաջարկը հետևյալն է՝ առանց նշված լուծումներն ընդունելու առաջարկում ենք նախագիծն այս տեսքով ընդունելուց ձեռնպահ մնալ»,- ասաց Սարգսյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ-ն այսօր քննարկում է սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմը չեղարկելու հարցը: Այն արտահերթ նիստում քննարկելու առաջարկն արել է «Լուսավոր Հայաստանը»: Ընդդիմությունը նաև ԱԺ-ին առաջարկել էր երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ, որի քայլերի մեջ մտնում է ռազմական դրության վերացումը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ո՞ւր գնալ, ինչո՞վ ապրել. տունն ու գյուղը կորցրած վուրգավանցու ապագան անորոշ է

Բանն այն է, որ ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու իրավական գործընթացը նախատեսված է ՀՀ Սահմանադրության 115-րդ հոդվածով, որի վերջին` 4-րդ կետը, սակայն արգելում է ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելն ու քննարկելը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Դեռ երկար ժամանակ վատ է լինելու. թեժ քննարկում ԱԺ-ում ռազմական դրությունը չեղարկելու շուրջ

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանը տրանսպորտային կապ է ապահովում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Ադրբեջանական ԶՈւ–ն պղծել է հուշակոթողները, հայ զինվորների գերեզմանները. դատախազություն

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։