ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Ութ տարի շարունակ Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ին է ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչելու նախագիծը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«8 տարի է` ես պատգամավոր եմ, դրանից առաջ չեմ կարող ասել: 8 տարվա մեջ Զարուհի Փոստանջյանը նախաձեռնել է ճանաչել Արցախի անկախությունը, մեզ off the records ասվել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դեմ են, որ ճանաչենք: Դրանից հետո այլ նախաձեռնություններ են քննարկվել, էլի նույն պատասխանն է տրվել»,–ասաց Մարուքյանը:
Պատգամավորը շեշտեց, որ նույն պատասխանն է ստացվել նաև Ապրիլյան պատերազմից հետո ԱԺ ներկայացված նույն առաջարկին:
«Սեպտեմբերի 27-ին, ռազմական դրության հատուկ նիստի ժամանակ ես վարչապետին հարց եմ տվել, թե՝ պարոն վարչապետ, չէինք ճանաչում, քանի որ մենք վախենում էինք, որ պատերազմ կսկսվի, պատերազմը սկսվել է, կարող է հիմա ճանաչենք Արցախը: Վարչապետը պատասխանեց, որ այդ հարցը հիմա ձեր առաջարկով մտավ քաղաքական օրակարգ: Դրամից հետո պատերազմի ժամանակ ինձ մի քանի քաղաքական ուժեր են դիմել, թե, եկեք ճանաչենք Արցախի անկախությունը: Ես կապվել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, ինքն ասել է` լավ առաջարկ է, բայց կարող է հիմա խանգարենք պատերազմի պրոցեսին, եկեք դեռ սպասենք»,- պատմեց Մարուքյանը:
Նա նաև պահանջեց, որ այսօր ՀՀ 27 տարվա բոլոր իշխանությունները պատասխանեն` արդյո՞ք ՄԽ համանախագահները դեմ են եղել ճանաչմանը: Իսկ եթե դա իսկապես այդպես է, ապա արձագանքեն ՌԴ նախագահի հայտարարությանը՝ որպես համանախագահ երկրի ղեկավարի:
Ֆրանսիայի Սենատն արձանագրել է Ադրբեջանի ու Թուրքիայի իրական քաղաքականությունը. ԱԳՆ
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Լեռնային Ղարաբաղը տարիներ շարունակ հարվածի տակ է եղել, և աշխարհում ոչ մի երկրի, այդ թվում Հայաստանի կողմից ճանաչված չլինելու պատճառով:
Ռուսաստանի նախագահի խոսքով` ԼՂ ճանաչումը Հայաստանի և այլ երկրների կողմից կարող էր զսպող հանգամանք լինել և պաշտպանել տեղի բնակչությանը։