ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսիայի Սենատի բանաձևը Ղարաբաղի վերաբերյալ խորհրդատվական բնույթ է կրում և, ամենայն հավանականությամբ, դրանով գործը կսահմանափակվի։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Դաշնային Խորհրդի միջազգային հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը:
Նրա կարծիքով՝ ֆրանսիական Սենատի որոշումը մեծապես պայմանավորված է վերջին շրջանում Թուրքիայի հետ բարդ հարաբերություններով։
Հոկտեմբերի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր երկրի քաղաքացիներին կոչ էր արել հրաժարվել ֆրանսիական ապրանքներ գնելուց՝ երկու երկրների հարաբերությունների սրման ֆոնին։ Դրանից մի քանի օր առաջ Էրդողանի կողմից հնչեցրած վիրավորանքներից հետո, թե իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը, որն առաջ է քաշել «լուսավորյալ իսլամի» գաղափարը, պետք է «դիմի հոգեբույժի», Փարիզն Անկարայից հետ էր կանչել իր դեսպանին խորհրդակցությունների համար:
Ադրբեջանի խորհրդարանն ուզում է Ֆրանսիային հեռացնել ԵԱՀԿ Մինսկի խմբից
«Որքան էլ տարօրինակ հնչի, բայց ես կարծում եմ, մեր ֆրանսիացի գործընկերների անկեղծ զգացմունքներն ամբողջովին հասկանալով հանդերձ, որ Ֆրանսիայի Սենատի որոշումը միայն Լեռնային Ղարաբաղի մասին չէ, այլ նաև՝ Թուրքիայի»,-ասել է Կոսաչևը։
Նա նաև հիշեցրել է, որ Թուրքիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այնուամենայնիվ բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրել Լեռնային Ղարաբաղի հարցում: Այս ֆոնին, ըստ Կոսաչևի, ֆրանսիական հասարակության ավանդաբար հայամետ համակրանքին գումարվել է միջազգային գործերում Թուրքիայի պահվածքի առնչությամբ արդեն ֆրանսիացի քաղաքական գործիչների կուտակած վրդովմունքը:
Կոսաչևի կարծիքով՝ Սենատի միաձայն դիրքորոշումը շատ առումներով «ցուցադրում է, որ Ֆրանսիան էլ է ոչ պակաս պատրաստ քաղաքականության մեջ կտրուկ քայլերի», բայց առայժմ դա ընդամենը ցուցադրություն է։
«Գործնականում կասկած չկա, որ տվյալ նախաձեռնությունը, որն ընդունվել է որպես խորհրդատվություն կառավարությանը, այդպիսին էլ կմնա»,-ասել է խորհրդարանականը։
Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ բանաձև ընդունեց՝ կոչ անելով երկրի կառավարությանը ճանաչել Արցախը։ Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, ինչպես նաև պահանջում է ադրբեջանական զինված ուժերն ու նրանց աջակցող կազմավորումները անհապաղ հեռացնել սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սկսվելուց հետո գրավված տարածքներից:
Փաստաթուղթը Ֆրանսիայի կառավարությանը հորդորում է աջակցություն ցուցաբերել Արցախի խաղաղ բնակչությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում ռազմական հանցագործությունների, մասնավորապես խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների հետաքննության միջազգային հանձնաժողով ստեղծել:
Արցախի ԱԳՆ–ն ողջունում է Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը
Բանաձևը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում բոլոր ջանքերը գործադրել բանակցային գործընթացը վերսկսելու, 1994 թ-ին գծված սահմաններն ապահովելու, ինչպես նաև հայ բնակչության անվտանգությունն ու տեղահանված անձանց վերադարձի իրավունքը ապահովելու համար: