Կոտայքը նոր մարզպետ ունի. «Խոստանում եմ ծառայել բացառապես ի շահ Հայաստանի»

Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում դադարեցվել էին նոյեմբերի 24-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրի որոշմամբ Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ:

Նա շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ լավ է հասկանում պատասխանատվության ողջ չափը և ամեն ինչ կանի բոլոր սպասումներն արդարացնելու համար:

«Խոստանում եմ ծառայել բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության և Հայաստանի ժողովրդի»,-ասաց նա:

Հիշեցնենք` նրա լիազորությունները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում դադարեցվել էին երեկ` նոյեմբերի 24-ին` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ։

Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել նոյեմբերի 16-ին։

Նա ՀԾԿՀ անդամ էր ընտրվել 2019 թվականի մայիսին։ Մեսրոպյանի թեկնածությունն Ազգային ժողովին ներկայացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեսրոպ Մեսրոպյանը ծնվել է 1972թ.–ին Հրազդան քաղաքում։

Ավարտել է ՀՊՃՀ-ն` ճարտարագետ հետազոտողի որակավորմամբ։ Սովորել է նաև Ֆրանսիայի Միջուկային տեխնիկայի և գիտությունների ազգային ինստիտուտում:

Աշխատել է Հրազդանի ՋԷԿ–ում, «Հայէներգո» ՓԲԸ-ում, «ՀայՌուսգազարդում» ու «Ռեդինետ» ՓԲԸ–ում։

Հիշեցնենք` Կոտայքի մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել 2020թ–ի հուլիսի 30-ից, երբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարար։