ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. «Երկրորդ կարգի» երկրների շարքը, որոնց հետ համագործակցությունը փաստացի կարող է սառեցվել, Ադրբեջանի ու Հայաստանի հետ միաժամանակ կարող է համալրել նաև Բելառուսը։ Այսօր Ռուսաստանի ու Բելառուսի ԱԳՆ-ների կոլեգիաների նիստում ելույթի ժամանակ նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովն ընդգծել է, որ Եվրամիության շատ երկրներ ունակ չեն հրաժարվել «ուժի դիրքից մյուսների հետ խոսելու վերամբարձ սովորությունից»։
«Այդ սովորությունը սահմանափակում է իրավահավասար, փոխհարգալից երկխոսության վերականգնման հնարավորությունը։ Նույնիսկ Արևելյան գործընկերության մասնակիցներին են կարգերի դասում։ «Երկրորդ կարգի» երկրների խմբին, որոնց հետ համագործակցությունը փաստացի կարող է սառեցվել, Ադրբեջանի ու Հայաստանի հետ միաժամանակ, դասվում է նաև Բելառուսը», - ավելացրել է նա։
Նա նշել է, որ ներկայիս իրավիճակում Ռուսաստանը ոչ թե մտածում է՝ ինչպես աշխատել Եվրամիության կառույցների հետ, այլ ուզում է հասկանալ՝ արդյո՞ք արժե համագործակցել նրանց հետ, քանի դեռ այդ կառույցներն այսպես են աշխատում։
Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության կենսունակությունը վերահաստատվում է ամեն օր. Լավրով
Նա նշել է, որ հարաբերությունները ԵՄ-ի հետ այսօր բարդ են։ Պատճառը ԵՄ մի շարք երկրների ոչ գործընկերային, հաճախ ոչ բարեկամական պահվածքն է, որն արժանանում է ամբողջ Եվրամիության հավանությանը։