Կարևոր մարդասիրական քայլ էր. Գարեգին Բ–ն ողջունել է Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը

Կաթողիկոսը շեշտել է, որ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը կարևոր և անհրաժեշտ մարդասիրական քայլ է Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի միջազգային ճանաչման ճանապարհին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ողջունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի որդեգրումը։

«Սա կարևոր և անհրաժեշտ մարդասիրական քայլ էր Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի միջազգային ճանաչման ճանապարհին։ Հայրապետական մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին, բարեսեր ժողովրդին և Սենատի խմբակցություններին»,–գրված է կաթողիկոսի Facebook-յան էջում։

Հիշեցնենք` երեկ Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայնով ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը։

Դրանով օրենսդիրը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնել կայուն խաղաղության հաստատման համար։

Ֆրանսիայի Սենատն արձանագրել է Ադրբեջանի ու Թուրքիայի իրական քաղաքականությունը. ԱԳՆ

Բանաձևում սենատորները նաև խնդրում են Ֆրանսիայի կառավարությանը զանգվածային մարդասիրական օգնություն ցուցաբերել Ղարաբաղի բնակչությանը, պահանջում են հումանիտար միջանցքներ բացել և Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն սկսել:

Սենատը նաև կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու 1994 թ. հաստատված սահմանների վերականգնումը, որոնք, ըստ էության, ամրագրվել են Արցախի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրով։

Բանաձևն ինքնին իրավական ուժ չունի, այն խորհրդատվական բնույթի փաստաթուղթ է։ Արցախի ճանաչման վերջին խոսքը կասի արդեն Ֆրանսիայի կառավարությունը։

Բանաձևը Սենատի քննարկմանն էր ներկայացվել նոյեմբերի 18-ին Սենատի տարբեր խմբակցությունների անդամ հինգ սենատորների՝ Բրունո Ռեթայլոնի (հանրապետականների ղեկավար), Պատրիկ Կանների, Էրվե Մարսելի («Ցենտրիստների միություն» խմբի ղեկավար), ինչպես նաև Էլիան Ասասիի և Գիոմ Գոթարի կողմից:

Նշենք, որ հոկտեմբերի կեսին Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին նախագիծ էր ներկայացվել նաև խորհրդարան, այսինքն՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ:

Երկու օրինագծերն էլ առաջարկում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ սեպտեմբերի 27-ին ռազմական ագրեսիա սկսած Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքից ԼՂ բնակչությանը պաշտպանելու համար: