ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Պաշտոնական Փարիզը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այդ մասին նշված է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է նոյեմբերի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Սենատում քվեարկությանը նախորդած քննարկումների ժամանակ զբոսաշրջության գծով պետական քարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը հիշեցրել է այս հարցի վերաբերյալ ֆրանսիական կառավարության դիրքորոշման մասին. Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,-նշված է ԱԳՆ-ի ներկայացուցչի հայտարարության մեջ։
Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը 305 կողմ, 1 դեմ ձայնով ընդունել էր Արցախի անկախության մասին բանաձևի նախագիծը։
Կարևոր մարդասիրական քայլ էր. Գարեգին Բ–ն ողջունել է Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը
Բանաձևով օրենսդիրը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնել կայուն խաղաղության հաստատման համար։
Բանաձևում սենատորները նաև խնդրում են Ֆրանսիայի կառավարությանը զանգվածային մարդասիրական օգնություն ցուցաբերել Ղարաբաղի բնակչությանը, պահանջում են հումանիտար միջանցքներ բացել և Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն սկսել:
Բանաձևն ինքնին իրավական ուժ չունի, այն խորհրդատվական բնույթի փաստաթուղթ է։
Բանաձևը քննարկման էր ներկայացվել նոյեմբերի 18-ին Սենատի տարբեր խմբակցությունների անդամ հինգ սենատորների՝ Բրունո Ռեթայլոնի (հանրապետականների ղեկավար), Պատրիկ Կանների, Էրվե Մարսելի («Ցենտրիստների միություն» խմբի ղեկավար), ինչպես նաև Էլիան Ասասիի և Գիոմ Գոթարի կողմից:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի կեսին Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին նախագիծ էր ներկայացվել նաև խորհրդարան, այսինքն՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ:
Ֆրանսիայի Սենատն արձանագրել է Ադրբեջանի ու Թուրքիայի իրական քաղաքականությունը. ԱԳՆ
Երկու օրինագծերն էլ առաջարկում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ սեպտեմբերի 27-ին ռազմական ագրեսիա սկսած Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքից ԼՂ բնակչությանը պաշտպանելու համար: