Դրամի արժեզրկումը ոչ թե տնտեսական, այլ հոգեբանական հիմք ունի. Թունյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի համոզմամբ` դրամի արժեզրկման տնտեսական հիմքեր չկան: Տեղի ունեցածը բացառապես հոգեբանական խնդիր է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Վերջին օրերին Հայաստանում գրանցվող դրամի արժեզրկումը ոչ թե տնտեսական, այլ հոգեբանական հիմք ունի: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Մեզ մոտ փոխարժեքի վրա ազդում են տնտեսական մի քանի գործոններ՝ տնտեսական առումով, ասենք՝ ներմուծում, արտահանում, դոլարի հոսքի նվազում, ՌԴ–ից և այլ երկրներից եկող դրամական փոխանցումներ: Դրանք էականորեն չեն փոխվել: Արտաքին առևտրի հաշվեկշիռը, հակառակը, բարելավվել է, որովհետև ներմուծումն ավելի շատ է նվազել: Այստեղ միակ խնդիրը հասարակության տրամադրություններն են, քանի որ անորոշությունը նաև սեփական արժույթի նկատմամբ անվստահություն է ծնում»,- ասաց Թունյանը:

Նրա խոսքով`հասարակության բացասական տրամադրությունները, մեկից մյուսին փոխանցվելով, հանգեցրել են նաև շղթայական ռեակցիայի: Մարդիկ համատարած փորձում են իրենց ունեցած դրամը վերածել դոլարի, և այդ համատարած պրոցեսը ստեղծում է դոլարի արհեստական դեֆիցիտ՝ ազդելով նաև գնի վրա:

Դրամի փոխարժեքն ընկնում է, բայց անհանգստանալ պետք չէ․ Արամյանը բացատրում է` ինչու

Թունյանը վստահեցրեց, որ ՀՀ ԿԲ-ն բավարար ռեսուրսներ ու գործիքներ ունի փոխարժեքը կայունացնելու համար: Բայց նույնիսկ առանց ԿԲ-ի միջամտության, եթե հանրությունը խուճապի չմատնվի ու արհեստական դեֆիցիտ չառաջացնի, փոխարժեքն ինքնուրույն կվերադառնա իր բնականոն կետին:

Նշենք, որ ԿԲ-ի սահմանած փոխարժեքներով 1 դոլարն այսօր Հայաստանում արժե 511.69 դրամ, եվրոն՝ 609.06, ռուսական ռուբլին՝ 6.78 դրամ։

Համեմատության համար նշենք, որ մեկ ամիս առաջ` հոկտեմբերի 26-ին, պատերազմի ամենաթեժ պահին դոլարի պաշտոնական փոխարժեքը Հայաստանում 493.24 դրամ էր, եվրոյինը` 582.42, ռուսական ռուբլունը` 6.45 դրամ։

Իսկ պատերազմից առաջ` սեպտեմբերի 26-ին, 1 դոլարը Հայաստանում փոխանակվում էր 485.27 դրամով, եվրոն` 565.05, ռուսական ռուբլին` 6.28 դրամով։

Փաստորեն վերջին 2 ամսվա ընթացքում արտարժույթը Հայաստանում թանկացել է 6-7 տոկոսով, այսինքն` դրամն այդ չափով արժեզրկվել է։

Հիշեցնենք` ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել և հայտնել, որ ֆինանսական շուկաներում մշտադիտարկում է իրականացնում ու անհրաժեշտության դեպքում կկիրառի իր ողջ գործիքակազմը գների և ֆինանսական կայունությունն ապահովելու համար։

Որքան կտևի դրամի արժեզրկումը և ինչ հետևանքներ կարող է ունենալ