ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հայկական դրամի փոխարժեքը շարունակում է նվազել։ Որոշ քաղաքացիների դա անհանգստացնում է, բայց վերջին երկու ամսում այն նվազել է ընդամենը 4 տոկոսից մի փոքր ավելի, ուստի դրամի լուրջ արժեզրկման մասին խոսք չկա։
Նույն այդ պատճառով Կենտրոնական բանկը ոչ մի կերպ չէր միջամտում արժութային շուկային և արտարժույթ չէր լցնում շուկա՝ դրամի փոխարժեքը պահելու համար։ Դրա անհրաժեշտությունը չկար նույնիսկ հոկտեմբերին և նոյեմբերի սկզբին։ Եվ հիմա եթե ԿԲ-ն անգամ պատրաստվում է միջամտել, ապա միմիայն փոխարժեքի անկումը մեղմելու համար։
Փոխարժեքի անկումը պայմանավորված էր տնտեսության ընդհանուր բարդություններով, որոնք առաջացել էին կորոնավիրուսի պատճառով (ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, մեկ տարվա ընթացքում նվազեց ռուսական ռուբլու փոխարժեքը)։ Հայաստանում արտարժույթի փոխարժեքը համեմատաբար կայուն է եղել նաև այն պատճառով, որ ապրանքների ներմուծումը խիստ կրճատվել է (հունվար-սեպտեմբերին՝ գրեթե 15 տոկոսով) բնակչության գնողունակության անկման պատճառով։ Ուստի, եթե նույնիսկ հիմա դոլարի թանկացման հետ կապված որոշ ներկրվող ապրանքների գները բարձրանան, ընդհանուր գնաճի վրա դա դժվար թե շատ ազդի։
Որքան կտևի դրամի արժեզրկումը և ինչ հետևանքներ կարող է ունենալ
«Թավշյա հեղափոխությունից» հետո լայն սպառման ապրանքների (ալյուրի, կարագի և այլն) շուկայում ուժեղ մրցակցություն է պահպանվում, ուստի գործարարները կփորձեն գները չբարձրացնել նույնիսկ սեփական շահույթի հաշվին։
Մինչդեռ արտահանումը շատ ավելի քիչ է նվազել (5 տոկոսից էլ քիչ)։ Դրան օգնել են նաև պղնձի և ոսկու բարենպաստ գները, որոնք Հայաստանն արտահանում է հումքի տեսքով։ Այսպիսով, արտարժույթի արտահոսքը (ներմուծման միջոցով) դանդաղել է, իսկ ներհոսքը (արտահանման միջոցով) մնացել է գրեթե նույնը։
Տարվա ընթացքում կրճատվել են բյուջեի եկամուտները, որոնց լրացման համար Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ստորագրվել է 280 մլն դոլարի վարկային համաձայնագիր՝ մինչև 420 մլն դոլարի ավելացման հնարավորությամբ: Դրանց մի մասը կհատկացնեն ԿԲ-ին՝ երկրի արժութային պահուստները համալրելու համար։ Արժույթի այս աստիճանական (տրանշերով) ներհոսքը կօգնի ամրապնդել ազգային արժույթի փոխարժեքը։
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ արժույթի փոխարժեքը կախված է ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ գործոններից, որոնք պետք է շտկել։
Նա հավելեց, որ մասնավորապես 2018-19թթ․ թերակատարվել են կապիտալ ծախսերի պլանները, իսկ որքան ավելի զարգացած են հանրապետության ենթակառուցվածքները, այնքան ապագա տնտեսական աճի համար ավելի լավ հնարավորություններ կան։
Բայց եթե խոսենք ոչ թե երկարաժամկետ քաղաքականության, այլ տվյալ պահին արժութային փոխարժեքի մասին, ապա ԿԲ-ն արժութային շուկայում կայունությունը պահպանելու համար բավականաչափ ռեզերվներ ունի։
Կենտրոնական բանկի արժութային պահուստները, չնայած 2020թ․-ի երրորդ եռամսյակում նվազել են, սակայն կազմում են մոտ 1,8 մլրդ դոլար (զուտ պահուստներ): Այդ պահուստների պաշարը գնահատելու համար դրանք սովորաբար համեմատում են այն բանի հետ, թե դրանց օգնությամբ քանի ամիս կարելի է ապրանք ներմուծել երկիր։ ԿԲ արժութային պահուստները համապատասխանում են ներմուծման մոտ 6 ամսվա մակարդակին, մինչդեռ անհրաժեշտ նվազագույնը համարվում է 3 ամիս։
Անկայունությունը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վարկային վարկանիշի վրա․ տնտեսագետ
Ուստի հիմա իշխանությունների համար ամենակարևորը պարբերաբար մարդկանց բացատրելն է, որ դրամը եթե անգամ արժեզրկվի, ապա դա կլինի սահմանափակ և ոչ կտրուկ։ Արամյանը պարզաբանեց, որ դա հասկանալով` մարդիկ կհանգստանան և կդադարեն զանգվածաբար արտարժույթ գնել կամ բանկերից հանել ավանդները։
Նշենք, որ այս պահին հայկական դրամի փոխարժեքը կազմում է մեկ դոլարի դիմաց 500 դրամից մի փոքր ավելի։