Դպրոցներն ու մանկապարտեզները կգործեն դեկտեմբերի 1-ից․ Ստեփանակերտի քաղաքապետ

Ստեփանակերտի քաղաքապետի խոսքով` քաղաքում շենքերի վերականգնումն արդեն սկսվել է, և քիչ–քիչ մնացած դպրոցներն ու մանկապարտեզներն էլ կաշխատեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Աստիճանաբար խաղաղ կյանքին վերադարձող Ստեփանակերտում առաջին դպրոցներն ու մանկապարտեզները կբացվեն դեկտեմբերի 1-ին։ Տեղեկությունն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

«Դեկտեմբերի 1-ից կբացվի երկու դպրոց, երկու մանկապարտեզ, ու կամաց-կամաց մնացածն էլ կսկսեն գործել», - ասաց նա։

Ստեփանակերտում վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը. տեսանյութ

Սարգսյանն հայտնեց նաև, որ Ստեփանակերտի շենքերի կեսը, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքը, հրթիռակոծության հետևանքով վնասվածքներ են ստացել։ Վնասված են հիվանդանոցներ ու դպրոցներ, ԱԻՆ-ի շենքը։

Նա ավելացրեց, որ շենքերի վերականգնումն արդեն սկսվել է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։

Նոյեմբերի 20-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1678 զոհվածների անունները։

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ադրբեջանն իր կորուստների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չի հայտնում, սակայն հայկական կողմի տվյալներով` Ադրբեջանի ԶՈւ–ն պատերազմի ընթացքում զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը