Դիեգո Մարադոնայի երկրպագուների բազմամիլիոն բանակը սգում է 60 տարեկանում կյանքից հեռացած իր կուռքի մահը։
Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել։ Մարադոնայի հիշատակին Արգենտինայի մայրաքաղաքի հուշարձաններն ու գլխավոր շինությունները ներկվել են ազգային դրոշի գույներով։
Լեգենդար ֆուտբոլիստին ու Արգենտինային հավաքականի նախկին գլխավոր մարզչին ճանապարհում են որպես ազգային հերոսի։
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդի հրաժեշտի արարողությունը սկսվել է նոյեմբերի 26-ի առավոտյան ժամը 6-ին՝ նախագահական Կասա Ռոսադա պալատում։ Բուենոս Այրեսի «Լա Բոմբոներա» մարզադաշտը թաղվել է մթության մեջ, լուսավորված է միայն Մարադոնայի օթյակը։
Հռչակավոր ֆուտբոլիստին հրաժեշտ են տվել նաև իտալական «Նապոլիի» երկրպագուները. ակումբ, որի կազմում Մարադոնան հանդես է եկել 1984-91 թթ. ու դարձել Իտալիայի կրկնակի չեմպիոն։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Դիեգո Մարադոնան ուղեղի արյունազեղումից հետո վիրահատության է ենթարկվել։
Մարադոնան հանդես է եկել «Արխենտինոս Խոնիորս», «Բոկա Խունիորս», «Բարսելոնա», «Նապոլի», «Սեվիլիա» ու «Նյուելս Օլդ Բոյզ» ակումբներում։
Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է 91 հանդիպման ու 34 գոլ խփել։ Աշխարհի 1986 թ. չեմպիոն է, 1990 թ. փոխչեմպիոն։