Արցախի ճանաչմամբ և բնակավայրերի վերադարձով է հնարավոր խաղաղության հաստատումը. Միրզոյան

Արարատ Միրզոյանը նամակ է հղել ֆրանսիացի իր գործընկերոջը` բարեկամ երկրի կայացրած որոշման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Միայն հարցի արդար կարգավորմամբ` Արցախի ճանաչմամբ և Արցախի հայկական բնակավայրերի վերադարձով է հնարավոր երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատումը: Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին ուղղված նամակում հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Արարատ Միրզոյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը զրուցել են

Միրզոյանը նամակ է հղել Ժերար Լարշեին՝ շնորհակալություն հայտնելով վերջինիս և Սենատի մյուս անդամներին «ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի ընդունման կապակցությամբ:

«Ցանկանում եմ հույս հայտնել, որ Ֆրանսիայի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների շարունակական ջանքերն իրենց նպաստը կբերեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական լուծմանը»,–իր նամակում գրել է Միրզոյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ բանաձև ընդունեց՝ կոչ անելով երկրի կառավարությանը ճանաչել Արցախը։ Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, ինչպես նաև պահանջում է ադրբեջանական զինված ուժերն ու նրանց աջակցող կազմավորումներն անհապաղ հեռացնել սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սկսվելուց հետո գրավված տարածքներից:

Վալենտինա Մատվիենկոն շնորհավորական հեռագիր է հղել Արարատ Միրզոյանին

Ադրբեջանն իր հերթին Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին կանչել են ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել Ղարաբաղի հարցով Սենատի ընդունած բանաձևի վերաբերյալ։