Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ֆրանսիայի դեսպանին ԼՂՀ-ի հետ կապված բանաձևի պատճառով

Ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանն ընդունել էր հայտարարություն՝ բողոք հայտնելով Ֆրանսիայի Սենատին Ղարաբաղի մասին բանաձևի պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել Ղարաբաղի հարցով Սենատի ընդունած բանաձևի վերաբերյալ։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։

Ի՞նչ կտա Հայաստանին Արցախի միջազգային ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը

Այսօր Ադրբեջանի խորհրդարանը (Միլի Մեջլիս) հայտարարություն է ընդունել, որում Ֆրանսիայի Սենատին բողոք է հայտնել Արցախի վերաբերյալ բանաձևի կապակցությամբ, իսկ երկրի կառավարությանն առաջարկել է դիմել ԵԱՀԿ-ին` Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահների կազմից հեռացնելու համար: Բացի այդ, Ադրբեջանի խորհրդարանը կոչ է արել կառավարությանը վերանայել քաղաքական ու տնտեսական հարաբերությունները Ֆրանսիայի հետ։

Ֆրանսիայի Սենատն արձանագրել է Ադրբեջանի ու Թուրքիայի իրական քաղաքականությունը. ԱԳՆ

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ բանաձև ընդունեց՝ կոչ անելով երկրի կառավարությանը ճանաչել Արցախը։ Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ, ինչպես նաև պահանջում է ադրբեջանական զինված ուժերն ու նրանց աջակցող կազմավորումներն անհապաղ հեռացնել սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սկսվելուց հետո գրավված տարածքներից:

Փաստաթուղթը Ֆրանսիայի կառավարությանը հորդորում է աջակցություն ցուցաբերել Արցախի խաղաղ բնակչությանը, ինչպես նաև ստեղծել Լեռնային Ղարաբաղում ռազմական հանցագործությունների, մասնավորապես խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների հետաքննության միջազգային հանձնաժողով:

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Սենատի բանաձևը խորհրդատվությունից այն կողմ չի անցնի․ Կոսաչև

Բանաձևը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում բոլոր ջանքերը գործադրել բանակցային գործընթացը վերսկսելու, 1994 թ-ին գծված սահմաններն ապահովելու, ինչպես նաև հայ բնակչության անվտանգությունն ու տեղահանված անձանց վերադարձի իրավունքը ապահովելու համար:

Մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատի որոշումը`Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը գնահատում է որպես սովորական թղթի կտոր և շատ ամոթալի քայլ Ֆրանսիայի քաղաքականության ու պառլամենտարիզմի համար:

Հաջիևը Ֆրանսիայի կառավարությանը խորհուրդ է տվել նման սադրիչ քայլերի անթույլատրելիության մասին պաշտոնական դիրքորոշում արտահայտել և բանաձևը դատապարտող հայտարարությամբ աջակցություն հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: