Ադրբեջանական ԶՈւ–ն պղծել է հուշակոթողները, հայ զինվորների գերեզմանները. դատախազություն

Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները կանխամտածված և նպատակային հարձակման են ենթարկել նաև հայկական պատմական հուշարձանները, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները՝ ոչնչացնելով, վնասելով կամ պղծելով դրանք
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik.ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ պատերազմի ընթացքում և հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի ԶՈւ–ն պատմամշակութային արժեք ունեցող բազմաթիվ հուշակոթողներ է ոչնչացրել, վնասել կամ պղծել։

«Մասնավորապես, սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը, հրետանային հարվածներ հասցնելով, վնասել են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Նրանք պղծել են եկեղեցու արտաքին և ներքին պատերը՝ դրանց վրա կատարելով տարբեր գրառումներ: Նմանատիպ «վարքագծի» զոհ են դարձել Ավետարանոց գյուղում գտնվող Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, տարբեր բնակավայրերում տեղադրված խաչքարերը, հայ զինվորների գերեզմանոցները և նրանց հիշատակին կանգնեցված հուշաքարերը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից ոչնչացվել է Շուշիի «Կանաչ ժամի»՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթը և զանգակատունը: Նոյեմբերի 16-ին համացանցում հայտնված տեսանյութի համաձայն էլ՝ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները պղծել ու վնասել են Արցախի Մեխակավան բնակավայրի (Ջաբրայիլ) Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ կոտրելով եկեղեցու խաչը։ Նրանք պղծել են նաև Վազգեն Սարգսյանի հուշարձանը՝ նստելով դրա վրա։

Կտրել են հայ ռազմագերիների ականջը, գլուխը. դատախազությունը բավարար ապացույցներ ունի

ՀՀ գլխավոր դատախազությունը միջոցներ է ձեռնարկում նշված արձանագրված փաստերի վրա Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (UNESCO), ինչպես նաև մշակութային արժեքների պաշտպանությամբ և պահպանությամբ զբաղվող միջազգային այլ կառույցների ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ։

Նշված հանգամանքները քննության առարկա են դարձել ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով (ագրեսիվ պատերազմ), 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ զինված ընդհարումների ժամանակ), 391-րդ հոդվածի 3-րդ մասով (անգործություն կամ հանցավոր հրամանի արձակում զինված ընդհարման ժամանակ), 387-րդ հոդվածի 1-ին մասով (պատերազմ վարելու արգելված միջոցներ և մեթոդներ կիրառել), 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով (սպանություն) և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի շրջանակներում: