Վերջին օրերին կորոնավիրուսի դեպքեր առավել շատ գրանցվել են Երևանում և Կոտայքում

Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է Երևանի և Կոտայքի բնակիչներին բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է` վերջին տասնօրյակում հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում:

Ամենաաղքատ երկրներին կօգնեն հաղթահարել կորոնավիրուսը. G-20–ի երկրների հայտարարությունը

«Մասնավորպես, այն գերազանցել է հանրապետական ցուցանիշը համապատասխանաբար Երևան քաղաքում՝ 1.5, իսկ Կոտայքի մարզում՝ 1.1 անգամ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը, մասնավորապես` Երևանի և Կոտայքի բնակիչներին բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Եթե տանը ունեք կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված դեպք, շփվելիս պետք է պահպանել առնվազն 1.5 մ հեռավորություն: Բացօթյա տարածքներում պետք է կրել դիմակ, հնարավորինս խուսափել մարդաշատ վայրերից և մարդկային կուտակումներից:
Տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հաճախելիս (խանութ, վարսավիրանոց, մեծածախ առևտրի կենտրոններ և այլն) պարտադիր անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակ, մակերեսների հետ շփումից հետո ախտահանել ձեռքերը կամ լվալ ձեռքերն օճառով:

Եվրամիությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի Նուբար Աֆեյանի Moderna-ից

Առհասարակ, անհրաժեշտ է հաճախակի լվալ ձեռքերը, անհնարինության դեպքում` մշակել 70% ալկոհոլի հիմքով ախտահանիչով: Իսկ սուր շնչառական հիվանդության ախտանշաններ (ջերմություն, հազ, հարբուխ) ի հայտ գալու դեպքում անմիջապես պետք է կապվել պոլիկլինիկայի բժշկի (թերապևտի կամ մանկաբույժի) հետ:

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում հաստատվել էր կորոնավիրուսի 1563 նոր դեպք, և 38 մարդ էր մահացել։