ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակն առայսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակում չի իրականացրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։
«Մինչ այսօր Կարմիր խաչի գործադրած ջանքերի շնորհիվ հայկական կողմին է փոխանցվել տարեց մի կին և մեկ քաղաքացու դի։ Գերիների փոխանակման այլ գործընթաց Կարմիր խաչի մասնակցությամբ տեղի չի ունեցել»,–ասաց Ամատունին։
Տեղեկացնենք, որ տարածաշրջանում միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է զբաղվում գերիների` հայրենիք վերադառնալու հարցերով։
Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ասել էր, թե նախօրեին գերիների փոխանակում եղել է, սակայն թվեր հայտնել չի կարող:
Ավելի ուշ մեզ զանգահարեցին Նազելի Բաղդասարյանի գրասենյակից ու տեղեկացրեցին, որ պատգամավորը խոսել է ոչ թե գերիների, այլ՝ դիերի փոխանակման մասին։
Դիերի անարգանքի, գերիների խոշտանգման տեսանյութերն իրական են. ՄԻՊ–ը պատասխանել է Ադրբեջանին
Այս օրերին բողոքի ակցիաներ են տեղի ունենում տարբեր գերատեսչությունների առջև. անհետ կորածների և գերիների ծնողները պահանջում են, որպեսզի իրենց երեխաների մասին ինչ–որ լուր հայտնեն։
Հավելենք, որ արցախյան պատերազմի ժամանակ հայկական կողմի գերիների ու անհետ կորածների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Նոյեմբերի 20-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1678 զոհվածների անուններ։