Կրեմլում չեն մեկնաբանել Էրդողանի նոր հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

Էրդողանը հայտարարել է, որ բացի Ռուսաստանից ու Թուրքիայից, այլ երկրներ նույնպես կարող են ներգրավվել Լեռնային Ղարաբաղում խաղաղություն ապահովելու գործում։
Sputnik

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ նա Ռուսաստանի ղեկավարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը պահպանելու՝ տարածաշրջանի մյուս երկրների հետ ջանքերն ընդլայնելու հնարավորությունը։

«Բացի այն, ինչ մենք ասել ենք երեկ երեկոյան տարածված հաղորդագրության մեջ, ես ոչինչ չեմ կարող ավելացնել»,-ասել է Պեսկովը լրագրողներին։

Էրդողանը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ բացի Ռուսաստանից ու Թուրքիայից, այլ երկրներ նույնպես կարող են ներգրավվել Լեռնային Ղարաբաղում խաղաղություն ապահովելու գործում։

Թուրքիայի նախագահի խոսքով, «եթե երեք երկրներին միանա տարածաշրջանային չորրորդ կամ հինգերորդ պետությունը, ապա կարող ենք հասնել այլ իրավիճակի», ասել է Էրդողանը՝ չնշելով, սակայն, թե որ երկրների մասին է խոսքը։