ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik.ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպտագույն խախտումների մասին:
Մասնավորապես, հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները ռազմագերի Ն.Բ.-ի բջջային հեռախոսահամարից զանգահարել են վերջինիս ազգականին և հայտնել, որ ռազմագերուն գլխատելու են և նկարը տեղադրեն համացանցում: Մի քանի ժամ անց ազգականները սպանված ռազմագերու լուսանկարը նկատել են վերջինիս սոցիալական ցանցի էջում: Բացի այդ, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները հարկադրաբար տեղահանել են քաղաքացիական անձ, Հադրութ քաղաքի բնակիչ Մ.Մ.-ին և տեղափոխել Ադրբեջան, որտեղ ենթարկելով անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների՝ դիտավորությամբ վերջինիս զրկել են կյանքից:
Համացանցային տարբեր էջերում առկա են տարբեր օրերի տեղադրված բազմաթիվ տեսանյութեր, համաձայն որոնց` Ադրբեջանական դրոշն ուսին զինվորական համազգեստով անձը գնդակահարել է վիրավոր ռազմագերի Ա.Մ.-ին, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները կտրել են հայ ռազմագերու գլուխը և այն դրել ինչ-որ կենդանու որովայնի վրա, ինքնաձիգով կրակել գերեվարված հայ զինվորի գլխին, կտրել են հայ ռազմագերու ականջը, կտրել են քաղաքացիական անձի ականջը՝ նրան ներկայացնելով որպես հայ լրտես, պայմանավորվել են նրանցից մեկի ձեռքը կտրելու մասին։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը, ոտքը դնելով տանկի վրա վիրավոր ընկած ռազմագերու գլխին, ստիպել է ադրբեջաներեն հնչեցնել «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին» արտահայտությունը:
2020թ. հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները ռազմագերի Ս.Ա.-ի բջջային հեռախոսի «WhatsApp» հավելվածի միջոցով նրա ընկերոջը հաղորդագրություն են ուղարկել այն մասին, որ վերջինս գերության մեջ է: Հոկտեմբերի 21-ին Ս.Ա.-ի մեկ այլ ընկերը «TikTok» սոցցանցում նկատել է տեսանյութ, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ռազմագերուն հարվածել են և ստիպել վիրավորական արտահայտություններ հնչեցնել ՀՀ վարչապետի հասցեին:
Դատախազությունը հայտնում է, որ բոլոր դեպքերի վերաբերյալ տվյալները իրավական ընթացակարգով ստուգվում են` հանցագործություն կատարած անձանց նույնականացման և քրեական պատասխանատվության ենթարկմանը հետամուտ լինելու նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազությունը միջոցներ է ձեռնարկում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված գազանաբարո գործողությունների վերաբերյալ փաստերը գործընկեր դատախազական միջազգային կառույցներին ներկայացնելու համար՝ դեռևս ողջ, առանձին դեպքերում վիրավոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ նման հանցավոր, անմարդկային դրսևորումների փաստերով քրեական հետապնդումներ ապահովելու, դրանց դատապարտման, տուժած անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ գտնելու նպատակների շրջանակներում:
Համացանցում տարածվող գերիների տեսանյութերը հաճախ արցախյան պատերազմի հետ կապ չունեն. ԱԱԾ
Դատախազությունը հայտնում է, որ Ադրբեջանը խախտել է Ժնևի 1949թ. օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից` Ժնևի 1977թ. 1-ին Լրացուցիչ արձանագրության մի քանի դրույթներ, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերից որոշները։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգելու, նրանց նկատմամբ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու դեպքերի մասին: