Խաղաղապահների օրն է. Ստեփանակերտի քաղաքապետն այցելել է ռուս խաղաղապահներին

Ստեփանակերտի քաղաքապետը հույս է հայտնել, որ խաղաղապահների աջակցությամբ կայուն խաղաղություն կտիրի Արցախում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Այսօր խաղաղապահների օրն է: Ստեփանակերտի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել` շեշտելով, որ արցախցիներն այդ տոնի խորհուրդն այսօր սեփական մաշկի վրա են զգում, քանզի նրանց պարտադրված անհավասար պատերազմի դադարեցումը նշանավորեց ռուս խաղաղապահների մուտքն Արցախ։

«Տարածաշրջանում զինադադարի պահպանման երաշխավորներին այսօր շնորհավորել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Նա այցելել է ռուս խաղաղապահների տեղակայման վայր, զրուցել նրանց հետ, ստեփանակերտցիների անունից երախտագիտություն է հայտնել խաղաղասիրական բազմագործառույթային առաքելության համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ստեփանակերտի քաղաքապետը հույս է հայտնել, որ Արցախում կայուն խաղաղություն կտիրի խաղաղապահների աջակցությամբ:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են