Հացադուլ հայտարարած Կիմ Բալայանի ճնշումը բարձրացել է. դեղ են նշանակել

Գեղամ Մանուկյանն ու Կիմ Բալայանը, որոնք վարչապետի հրաժարականի պահանջով հացադուլ են հայտարարել, խոսել են իրենց առողջական վիճակի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանի ճնշումն այսօր բարձրացել է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած Բալայանը Tert.am–ի հետ զրույցում է հայտնել այդ մասին։

«Քիչ առաջ բժիշկ է այցելել մեզ, մի փոքր ճնշումս է բարձր, դեղ է նշանակել»,–ասել է Բալայանը` խոսելով իր առողջական վիճակի մասին։

Բալայանը նոյեմբերի 24-ին է միացել Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանին։

Մանուկյանն էլ իր հերթին լրագրողներին ասել է, որ իրեն լավ է զգում։ Նա տեղեկացրել է, որ իրեն այցելել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նրա հետ, սակայն, չի հաջողվել զրուցել, քանի որ լրագրողներին է այդ պահին հարցազրույց տվել։

Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանն ու ՀՅԴ անդամ Գարիկ Ավետիսյանը հացադուլ էին հայտարարել նոյեմբերի 23-ին։ Նոյեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ նրանց է միացել ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը։