Sputnik - Եթե Ֆրանսիայի Սենատը ընդունի Ղարաբաղի անկախության ճանաչման բանաձևը, ի՞նչ իրավական հետևանքներ կունենա այդ որոշումը։ Ուրիշ ի՞նչ հարցեր է շոշափում այս բանաձևը։
Էդվարդ Նալբանդյան - Շատ կարևոր է, որ նոյեմբերի 18-ին Ֆրանսիայի Սենատում ներկայացված բանաձևի նախագիծը կոչ է անում ճանաչել ոչ թե պարզապես Լեռնային Ղարաբաղը, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Սենատի նախագահ Ժերար Լարշեի առաջարկով բանաձևի ընդունման հարցն ընդգրկված է նոյեմբերի 25-ի Փարիզի ժամանակով 16։30-ի նիստի օրակարգում և հաստատվելու բոլոր հնարավորություններն ունի։
Բանաձևը նախաձեռնել են 5 քաղաքական խմբերի ղեկավարներ․ հանրապետականներ, սոցիալիստներ, կենտրոնամետներ, կոմունիստներ և կանաչներ, որոնք ներկայացնում են խորհրդարանի Վերին պալատի 348 անդամներից 294-ին, այսինքն՝ ընդհանուր թվի 85%-ը։ Քվեարկության օրը նրանց կարող են միանալ նաև այլ սենատորներ։
ՀՀ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարներն անդրադարձել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին
Բանաձևի նախագիծը Ֆրանսիայի կառավարությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու կոչ անելուն զուգահեռ՝ ընդգծում է ճանաչումը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման շուրջ բանակցությունների առարկա դարձնելու անհրաժեշտությունը: Հատկանշական է, որ բանաձևի նախագծում Ֆրանսիայի կառավարությունից՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պահանջվում է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ 1994 թ․-ին հաստատված սահմանների (շփման գծի) վերականգնման համար, այսինքն՝ 1994 թ. մայիսի հրադադարի մասին անժամկետ եռակողմ համաձայնագրին համապատասխան։
Բանաձևի նախագիծն ամենախիստ ձևով դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որը իրականացվեց Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ և ջիհադիստ վարձկանների ներգրավմամբ:
Հղում է կատարվում միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման հանձնաժողովի եզրակացությանը, որը վկայում է, որ Ադրբեջանում հայ բնակչության ապրելն անհնար է՝ նկատի ունենալով նրա հանդեպ ցուցաբերվող ակնհայտ խտրականությունը և ազատության ու անվտանգության երաշխիքների բացակայությունը: Այդ կապակցությամբ հիշատակվում են հայերի ջարդերը 1988 թ.-ին Սումգայիթում և Կիրովաբադում, 1990 թ.-ին՝ Բաքվում, 1992 թ.-ին՝ Մարաղայում։
Բանաձևի նախագիծը հատուկ ուշադրություն է դարձնում մասնավորապես այս պատերազմի ընթացքում Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ իրականացված ռազմական հանցագործություններին, և ընդգծվում է այդ հանցագործությունների միջազգային հետաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը։
Սենատը կառավարությանը կոչ է անում ամենալայն մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը։
Նախագիծը նաև մի շարք այլ տարրեր է պարունակում։ Նոյեմբերի 25-ին Սենատի նիստի ընթացքում կարող են խմբագրական շտկումներ լինել, բայց առարկայական փոփոխություններ հազիվ թե հնարավոր են։
Կանադացի սենատորը կոչ է արել կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը
Չնայած Սենատի կողմից հաստատվելու դեպքում բանաձևը խորհրդատվական բնույթ է կրելու, սակայն միանգամայն ակնհայտ է, որ ֆրանսիացի օրենսդիրներն այդ քայլն անում են ոչ պարզապես արած լինելու համար և ամենևին ոչ որպես ցուցադրական ժեստ։
Sputnik - Ուրիշ ի՞նչ պետք է անեն բանաձևի նախագծի հեղինակները, որպեսզի այն Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ օրենք դառնա։
Էդվարդ Նալբանդյան - Ֆրանսիայի կողմից պաշտոնական ճանաչման համար հատուկ օրենք ընդունելու կարիք չկա։ Բավարար է տվյալ հարցով կառավարության որոշումը և այս որոշման հրապարակումը ԱԳՆ-ի կամ լիազորված համապատասխան պաշտոնական ներկայացուցչի կողմից, վերբալ նոտայի կամ որևէ այլ ձևաչափով։
Արդյո՞ք ֆրանսիական կառավարությունը մոտակա ապագայում կգնա նման քայլի։
Պետք է նկատի ունենալ, որ այսօրվա դրությամբ Ֆրանսիայի հասարակակական կարծիքը Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ գործնականում ազգային կոնենսուսի է վերածվում։
Բանաձևի գրեթե համանման նախագիծը դեռևս ս.թ. հոկտեմբերի 16-ին ներկայացվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում, որի համահեղինակները երեք տասնյակից ավելի ֆրանսիացի պատգամավորներ են, որոնք ներկայացնում են Ֆրանսիայի ողջ քաղաքական ներկապնակը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու կոչով Ֆրանսիայի կառավարությանը դիմում են Ֆրանսիայի տարբեր դեպարտամենտների, քաղաքային իշխանությունների տեղական մարմինները:
Նոյեմբերի 18-ին Փարիզի Քաղաքային խորհուրդը նույնպես բանաձև է ընդունել՝ կոչ անելով կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը։
Նույնատիպ կոչով հանդես են եկել Ֆրանսիայի ակադեմիական շրջանակները, զանազան հասարակական կազմակերպություններ, համաշխարհային ճանաչում ունեցող Ֆրանսիայի ավելի քան 200 մշակույթի գործիչներ։
Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին համերաշխություն հայտնելու այդ գործընթացն ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում Ֆրանսիայի հասարակական շրջանակներում։