Ֆրանսիայի Սենատը կարող է ճանաչել Արցախի անկախությունը. նախագծի հեղինակ

Բանաձևի նախագծում Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնել կայուն խաղաղության հաստատման համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Ֆրանսիայի Սենատն ամենայն հավանականությամբ կընդունի Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին բանաձևը։ ՌԻԱ Նովոստիին է ասել բանաձևի հեղինակներից մեկը՝ «Կենտրոնամետների միություն» խմբի ղեկավար Էրվե Մարսեյը։

Ֆրանսիայում Արցախի ճանաչման շուրջ գրեթե հանրային կոնսենսուս է ձևավորվել․ Էդվարդ Նալբանդյան

Ֆրանսիայի Սենատը Արցախի անկախության ճանաչման մասին բանաձևի նախագիծը կքննարկի այսօր` նոյեմբերի 25-ին։

Բանաձևի նախագիծը, որում Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնել կայուն խաղաղության հաստատման համար, Սենատի քննարկմանն է ներկայացվել նոյեմբերի 18-ին:

Բանաձևի նախագծում սենատորները նաև խնդրում են Ֆրանսիայի կառավարությանը զանգվածային մարդասիրական օգնություն ցուցաբերել Ղարաբաղի բնակչությանը, պահանջում են հումանիտար միջանցքների բացել և Ղարաբաղում կատարված ռազմական հանցագործությունների միջազգային հետաքննություն սկսել:

Պատասխանելով հարցին, թե ինչ շանսեր կան, որ բանաձևը հավանության կարժանանա, Մարսեյն ասել է. «Դա ավելի քան հնարավոր է: Եթե դիտարկենք բանաձևի հեղինակներին, ապա կարելի է ասել, որ Սենատի անդամների 70-75 տոկոսը այն ստորագրել է։

Նրա խոսքով` Սենատի գրեթե բոլոր քաղաքական ուժերը պաշտպանում են բանաձևի նախագիծը։

Մեկնաբանելով նոյեմբերի 10-ին Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը` սենատորը դրական է գնահատել պայմանավորվածությունները և կարևորել Ռուսաստանի դերը։

«Այդ համաձայնագիրն անմիջապես վերջ դրեց հակամարտությանը։ Ռուսաստանը, իհարկե, կարևոր, եթե չասենք հիմնարար դեր է խաղում այս տարածաշրջանում», - ընդգծել Է Մարսեյը՝ հավելելով, որ համաձայնագիրը լուծման սկիզբն է, այնուհետև պետք է ընթանալ բանակցությունների ճանապարհով։

​Նախագիծը ներկայացրել են տարբեր խմբակցությունների անդամ հինգ սենատորներ՝ Բրունո Ռեթայլոն (հանրապետականների ղեկավար), Պատրիկ Կանները, Էրվե Մարսելը («Ցենտրիստների միություն» խմբի ղեկավար), ինչպես նաև Էլիան Ասասին և Գիոմ Գոթարը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի կեսին Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին նախագիծ էր ներկայացվել նաև խորհրդարան, այսինքն՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ:

Երկու օրինագծերն էլ առաջարկում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ սեպտեմբերի 27-ին ռազմական ագրեսիա սկսած Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքից ԼՂ բնակչությանը պաշտպանելու համար:

Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար Ֆրանսիայում հանձնախումբ կստեղծվի