«Դու պետք է կարողանաս նույնիսկ թշնամիներին մոտ լինել կամ մոտիկից իմանալ». Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահի խոսքով`մենք պարտություն ենք կրել ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև դիվանագիտական, հանրային կարծիքի, տեղեկատվական դաշտերում և բազմաթիվ այլ պարտություններ, որոնցից պետք է համապատասխան հետևություններ անենք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է շատ հստակ ուղղվածություններ ունենա, որոնք կորոշվեն ազգային և պետական շահերից: 

Հավակնո՞ւմ է արդյոք վարչապետ դառնալ. պատասխանում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

Նրա խոսքով`կարևոր է, որ Հայաստանը հարաբերություններ ունենա Ինդոնեզիայի, Մալայզիայի կամ Վիետնամի հետ, որովհետև նրանք ՄԱԿ-ի անդամներ են:

«Սակայն ինչպե՞ս ենք բացատրում այն, որ այսօր դիվանագիտական հարաբերություններ չունենք մեր տարածաշրջանի, ինչպես նաև իսլամական աշխարհի ամենաազդեցիկ երկրներից մեկի՝ Սաուդյան Արաբիայի հետ: Հարաբերություններ չունենք նույն տարածաշրջանի ամենակարևոր երկրներից մեկի՝ Պակիստանի հետ: Բացատրությունը, թե եթե Պակիստանի հետ հարաբերություններ ունենանք, ապա Հնդկաստանը կնեղանա, մանկամիտ է և միամիտ: Մենք մոտ հարաբերություններ ունենք Միացյալ Նահանգների և Իրանի հետ, և նման օրինակները շատ են: Սա է հենց բուն դիվանագիտության իմաստը, որ դու պետք է կարողանաս փոխված բանաձևով քո բոլոր հակառակորդներին, նույնիսկ թշնամիներին մոտ լինես կամ մոտիկից իմանաս, բայց քո բարեկամների հետ պետք է շատ մոտ լինես»,–ասել է նա:

Սարգսյանի խոսքով`պահի թելադրանքն է ակտիվ դիվանագիտություն վարել արաբական աշխարհում, իսլամական աշխարհում, որի դերը բարձրանում է: Նախագահը նշում է, որ Հորդանանը շատ կարևոր դեր ունի Հայաստանի դիվանագիտության համար: Այն փոքր է, բայց հսկայական ազդեցություն ունի և՛ երկիրը, և՛ թագավորական ընտանիքը:

«Ես չէի ցանկանա այսօր Ձեզ հետ քննարկել ընդհանրապես մեր դիվանագիտական բացթողումները, հաջողությունները, հաղթանակները կամ դիվանագիտական պարտությունները: Ասել եմ արդեն, որ մենք պարտություն ենք կրել ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև դիվանագիտական, հանրային կարծիքի, տեղեկատվական դաշտերում և բազմաթիվ այլ պարտություններ, որոնցից պետք է համապատասխան հետևություններ անենք»,–ասել է նախագահը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։