Արթուր Վանեցյանը հացադուլ հայտարարելու մտադրություն ունի՞

«Հայրենիք» կուսակցության ղեկավարն անդրադարձել է հացադուլ հայտարարած իր ընկերների քայլին և խոսել վարչապետի թեկնածու ունենալ–չունենալու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հացադուլ հայտարարելու մտադրություն այս պահին դեռ չունի։ Նա այդ մասին հայտնեց լրագրողներին` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ինքն էլ չի պատրաստվում հացադուլ անել։

Վանեցյանն այսօր կառավարության մոտ էր եկել` տեսակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանին և ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանին։

«Եկել եմ ընկերներիս քաջալերելու, որոնք ծայրահեղ քայլի են դիմել, բայց դա երևի թե պետք է։ Ես ինքս դեռ չեմ պատրաստվում դիմել հացադուլի»,–ասաց Վանեցյանը։

Հարցին, թե լուրեր են շրջանառվում, որ պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը կարող վարչապետ դառնալ, ինչպե՞ս է վերաբերվում նրա թեկնածությանը, Վանեցյանը պատասխանեց` նման հարց չեն քննարկել։

«Գտեք մի ոստիկան, որը մորուք ունի». Վանեցյանը` չինական համազգեստով «իրավապահների» մասին

ԱԱԾ նախկին ղեկավարի խոսքով` Վազգեն Մանուկյանը ՀՀ–ում իր ներդրած ավանդն ունի, փորձն ու գիտելիքները, և եթե նման հարց լինի, կարող է և օգտագործել իր ներուժը։

Մեկ այլ հարցի, թե ընդդիմադիր ուժերն ունե՞ն վարչապետի իրենց թեկնածուն, Վանեցյանը պատասխանեց` դա երկրորդական հարց է։ Նա վստահեցրեց, որ անհրաժեշտության դեպքում կոնսենսուսի միջոցով շատ արագ կհայտարարվի թեկնածության մասին։ Վանեցյանի խոսքով` վարչապետ չի կարող լինել մեկը, որը հանրային աջակցություն չի ունենա։

Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանը հացադուլ էր հայտարարել նոյեմբերի 23-ին։ Դրա հաջորդ օրը` նոյեմբերի 24-ին, ՍԴ նախկին դատավոր 73-ամյա Կիմ Բալայանը միացավ հացադուլին։