Բարձրաստիճան պաշտոնյաներն անձամբ են վարում կեղծ էջեր. Թաթոյան

Արման Թաթոյանի գրառումը մեկնաբանել է Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա նաև որոշ փակագծեր է բացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Սոցիալական մեդիայի ողջ տիրույթը հեղեղված է կեղծ էջերից հայհոյախառն վիրավորանքներով ու ատելության խոսքով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Երևանի կենտրոնում հայհոյանք ու ատելություն պարունակող տեսանյութ է ցուցադրվել

Նրա համոզմամբ` դրանք կազմակերպված, կոնկրետ նպատակներով ու թիրախներով հարձակումներ են, որոնք իրականացվում են նաև Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ:

«Մեր հիմնավոր ենթադրությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վերջին օրերի հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից»,– գրում է Թաթոյանը` վկայակոչելով իր գրասենյակի աշխատակազմի ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն` պաշտոնյաներից ոմանք անձամբ են վարում կեղծ էջեր ու այդ էջերից անձամբ են տարածում ատելություն, սպառնալիք ու վիրավորանք:

«Այդ պաշտոնյաներին խիստ զգուշացնում եմ անհապաղ դադարեցնել այս ծայրաստիճան վտանգավոր, որևէ տեսակի իրավական կարգավիճակից չբխող քայլերը, այդ թվում՝ հարձակումները մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ»,– նշում է պաշտպանը:

Նրա համոզմամբ` այս ամենը խախտում է ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը (Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը), նաև վնասակար է հասարակության առողջության ու երկրում համերաշխության մթնոլորտի համար, իսկ այս օրերին կարող է խարխլել մեր երկրի անվտանգության հիմքերը:

Ատելության խոսքը պետք է բացառել. Փաշինյանը պնդում է, որ իր գրառման մեջ բռնության կոչ չկա

Արման Թաթոյանի գրառումը մեկնաբանել է Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ու նաև որոշ փակագծեր բացել։

«Պարոն Թաթոյան, ձեր նշած պաշտոնյաները, այո, ֆեյքով հայհոյանք են գրում բոլորիս։ Ոչ միայն ժեխը, այլ Հանրային խորհրդի նախագահն իր հայտնի ֆեյքով մեր ընտանիքներն է մտնում։ Ցավում եմ, որ պաշտոնյա-ֆեյքերին անդրադառնում եք հիմա՝ երբ հարձակվել են ձեր վրա։ Ի դեպ, նրանց մեջ պատգամավորներ էլ կան, որոնց մեջ` հակաէսթետիկ մի կին»,– գրում է Զոհրաբյանը։

Բարձրաստիճան պաշտոնյաներն անձամբ են վարում կեղծ էջեր. Թաթոյան

Նշենք, որ որոշ ուսումնասիրությունների համաձայն` «թավշյա հեղափոխությունից» հետո Facebook-ի հայկական տիրույթում կեղծ օգտատերերի՝ ֆեյքերի մեծ աճ գրանցվեց։ Այս օգտատերերը, որպես կանոն, ակտիվ քաղաքական քարոզչություն կամ հակաքարոզչություն են իրականացնում:

«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարող անձը կալանավորվել է. ԱԱԾ