1993-ին Քելբաջարի ազատագրումից հետո Ադրբեջանում իշխանություն փոխվեց

Եկեք անկեղծ լինենք։ Այսօր, երբ նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հանձնվում է Քելբաջարի շրջանը, կարելի է հիշել, թե ինչպես այն ազատագրվեց և ինչպիսի խնդիրներ ծագեցին դրա հետ կապված։
Sputnik
1993-ին Քելբաջարի ազատագրումից հետո Ադրբեջանում իշխանություն փոխվեց

​1993 թվականի ապրիլին հայկական ուժերը մտան Քելբաջար։ Ադրբեջանական այդ շրջանի բնակիչները նախապես զգուշացված էին՝ պետք է հնարավորինս արագ լքեք ձեր բնակության վայրերը։ Մի քանի օր էր տրված, որից հետո Հայաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարարը ասաց. «Լավ, հո անվերջ չենք կարող սպասել, որ ադրբեջանցիները դուրս բերեն իրենց վերջին դոշակները»։

«Այստեղ ենք եղել մինչև վերջ». հայ զինվորները հեռանում են Քարվաճառից. տեսանյութ

​Մի առիթով Վազգեն Մանուկյանը պատմել է. «Իմ վարչապետությունից հետո մինչև պաշպանության նախարար նշանակվելը մի փոքր ջոկատով գնացել էի Մարտակերտ, երբ շրջանը գրավել էին ադրբեջանցիները։ Ես ճանապարհին տեսա այն, ինչ պատմել էր պապս, կարդացել էի գրքերում՝ գաղթի ճանապարհ, անտառներով մեր ժողովուրդը փախչելով հեռացել էր։ Հասկացա, որ հնարավոր չէ Մարտակերտը պահել, եթե անգամ հետ ես վերցնում, քանի դեռ Քելբաջարը քոնը չէ»,- տարիներ առաջ ասել էր պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը։

​Իսկ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հիշում է. «Հակառակորդը սպասում էր, որ կշարունակենք խորանալ Մարտակերտի ուղղությամբ, բայց ռազմական գործողությունների կենտրոնը տեղափոխեցինք Լաչին-Քելբաջար։ Քելբաջարը փայլուն օպերացիա էր։

Ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի գյուղերի բնակիչները. Մարուքյանը հարց է ուղղել իշխանությանը

Պատերազմի ժամանակ պետք է կարողանաս թելադրել, և հակառակորդը չպետք է զգա կամ հասկանա, թե որտեղ է լինելու հաջորդ հարվածը։ Ռազմի դաշտում հաղթում է նա, ով իր կամքն է թելադրում։ Մինչև 1992 թվականի նոյեմբեր հակառակորդն էր մեզ իր կամքը թելադրում, թե որտեղ կռվենք, որտեղ պաշտպանվենք։ Շատ մեծ դժվարությամբ, բայց մեզ հաջողվեց ստեղծել միասնական ղեկավարություն և փոխել իրավիճակը», փաստել է Սամվել Բաբայանը։

​Քանզի այդ տարիներին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ աշխատում էի Հայաստանի պաշտպանության նախարարությունում և ապրիլի սկզբին ուղղաթիռով գնացել էի Քելբաջար, կարող եմ վկայել, որ այդ օպերացիան իրոք փայլուն էր և իրականացվեց նվազագույն զոհերով։ Քելբաջար շրջկենտրոնի բնակիչները հիմնականում հեռացել էին Բաքվից ուղարկված ուղղաթիռներով, բայց որոշ ընտանիքներ նաև ստիպված էին ավտոմեքենաներով կամ նույնիսկ ոտքով ուղևորվել դեպի հյուսիս։

«Չեմ ուզում 2-րդ անգամ բռնագաղթեմ». Բերձորի բնակիչը պատմում է ռուս խաղաղապահների մասին

​Խոստովանենք՝ այն ժամանակ մեծ մտահոգություն կար՝ բա միջազգային հանրությունն ինչպես կընկալի այս ամենը, միգուցե նույնիսկ պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի նկատմամբ։ Անհասկանալի է, թե ինչ պատժամիջոցների մասին էր խոսքը, որովհետև Հայաստանն առանց այն էլ աղետալի վիճակում էր՝ լույս չկար, ջուր չկար, ջեռուցում չկար։ Տարբեր շրջանակներում սկսվեցին խոսակցությունները Քելբաջարը ադրբեջանցիներին վերադարձնելու հնարավորության մասին։ Բայց ախր հանրության գերակշիռ մասը հասկանում էր՝ Քելբաջարը հայկական ուժերի վերահսկողության տակ պահելը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի անվտանգության ապահովման հարց է։

​Ղարաբաղյան հարցով հատուկ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հիշեցնում էր, որ Քելբաջարի իրադարձություններից հետո Ադրբեջանում իշխանություն փոխվեց։ Պարզապես մեջբերեմ. «Քելբաջարից հետո Ադրբեջանում անկայունություն էր, եղավ իշխանափոխություն, այսինքն չէր էլ կարող նման հարց քննարկվել։ Այնպիսի վիճակ էր, որ բանակցող չկար, նույնիսկ միջնորդները չգիտեին՝ այս պահին ում հետ բանակցել»։

Մեկ օրում ավելի քան երկու հազար մարդ է Ղարաբաղ վերադարձել․ ՌԴ ՊՆ

Քելբաջարից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունեց մի բանաձև, որում, ինչպես նաև հետագա բանաձևերում, Հայաստանի նկատմամբ պահանջ չկար, բացի այն, որ Երևանը պետք է օգտագործեր իր ազդեցությունը Ստեփանակերտի վրա, փաստել է Դավիթ Շահնազարյանը, արձանագրելով. « Քելբաջարը լուրջ բեկում մտցրեց ռազմական գործողություններում, որովհետև Շուշիից ու Լաչինից հետո ադրբեջանական բանակին հաջողվել էր օկուպացնել նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի գրեթե կեսը։ Քելբաջարը ռազմական առումով չափազանց կարևոր էր, ճակատային գիծն էապես կրճատվեց։ Պատերազմի ողջ ընթացքում թվային գերակայությունը միշտ եղել է Ադրբեջանի կողմը, և ճակատային գծի կրճատումը չափազանց կարևոր էր», կարծիք է հայտնել Դավիթ Շահնազարյանը, որին իր գրքում մեջբերում է իմ գործընկեր Թաթուլ Հակոբյանը։