Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նույնպես հրաժարական տվեց

Նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Խաչատրյանը դիմումը նոյեմբերի 23–ին է ներկայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Lուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։

Ռուստամ Բադասյանը կգնա, տեղը կի՞ն կգա. «Հրապարակ»

Նա հայտնեց, որ նախարարը աշխատանքից ազատման դիմումը ներկայացրել է դեռ երեկ` նոյեմբերի 23-ին։

Նշենք, որ Տիգրան Խաչատրյանը պետական կառավարման ոլորտում աշխատել է դեռ 1995թ.ից` որպես ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջատար մասնագետ։

2006-2016թթ.–ին զբաղեցրել է «Վալլեքս» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրենի պաշտոնը, 2008-2014թթ.–ին եղել է Զարգացման հայկական գործակալության խորհրդի անդամ, 2016թ.–ին`Համահայկական բանկ, խորհրդի անդամ։

2016-2018թթ–ին նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։

2018թ–ին եղել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ, նույն տարում մեկ ամիս ղեկավարել է «Հայ-Թեք Արմենիա» ընկերությունը։

Ամերիկահայերը Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսել

2018թ–ի հոկտեմբերի 15-ից նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, 2019թ․ հունիսի 1-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար։

Հիշեցնենք` երեկ` նոյեմբերի 23–ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պաշտոնից ազատվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նոր նախարար նշանակվեց Վահրամ Դումանյանը։

Նոյեմբերի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։ Կարճ ժամանակ անց ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և հրապարակեց նրա ձեռագիր դիմումը։ Նոյեմբերի 17-ին հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Զոհրաբ Մնացականյանը հերքում է Հայաստանից հեռանալու լուրը

Վերջին օրերին իրենց պաշտոններից հեռացել են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ Ղուլյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

Նոյեմբերի 20-ին պաշտոններից ազատվեցին նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել է Վաղարշակ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների նախարարինը` Անդրանիկ Փիլոյանը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարինը` Մեսրոպ Առաքելյանը։

Նշենք, որ պաշտոնյաների ու պատգամավորների հրաժարականները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։