Ստեփանակերտում կրկին պայթյուններ կլսվեն. «Սմերչի» հրթիռներ են գտել

Անգամ եթե վստահ եք, որ հայտնաբերված զինամթերքը վտանգավոր չէ, անհրաժեշտ է կապ հաստատել մասնագետների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում շարունակվում են պատերազմի ընթացքում ընկած ու չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքները։ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում տեղեկացնում է, որ ժամը 11:30-ին ականազերծման աշխատանքներ կկատարվեն Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում (Բաղրամյան 2-րդ նրբանցք)։

Հասկացել են, որ պետք է ավելին արվի. Կարմիր խաչը 400-500 նոր աշխատակից կուղարկի Արցախ

«Տարածքում հայտնաբերվել են «Սմերչ» համազարկային ռեակտիվ հրթիռային համակարգից արձակված ռումբեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱԻՊԾ-ից խնդրում են խուճապի չմատնվել պայթյունի ձայներ լսելիս. սակրավորներն են աշխատում։

Ծառայությունը հիշեցնում է՝ զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում զանգահարել զանգահարել 911, 101 կամ 112 կարճ հեռախոսահամարներով: Անգամ այն դեպքում, եթե վստահ եք՝ հայտնաբերված զինամթերքը վտանգավոր չէ, մասնագետները հորդորում են չմոտենալ։

ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների մասին

Հիշեցնենք՝ պատերազմի հենց առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից սկսած, Ստեփանակերտի ամենաբանուկ թաղամասերում կասետային ռումբեր են կիրառվել։ Թշնամու կրակի տակ սակրավորներն օրուգիշեր վնասազերծում էին չպայթած զենք–զինամթերքը։

Պատերազմի օրերին մաքրման, վնասազերծման հիմնական աշխատանքները կատարվում էին մայրաքաղաքի և հարակից բնակավայրերի տարածքում, կրակի դադարեցումից հետո սակրավորներն ընդարձակեցին աշխատանքները՝ վնասազերծելով նաև այլ բնակավայրերում ընկած ու չպայթած ռումբերն ու զենք-զինամթերքը։

«Մեր ժողովուրդը նրանց լավ է ընդունում». Արցախի բնակիչները` ռուս խաղաղապահների մասին