Ռուստամ Բադասյանը կգնա, տեղը կի՞ն կգա. «Հրապարակ»

Թերթի տեղեկություններով՝ այս օրերին նախարարի թեկնածուի երեք անուններ են շրջանառվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նույնպես ամենայն հավանականությամբ հրաժեշտ կտա նախարարական աթոռին։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»։

Լարված ժամանակներ են Հայաստանի համար. Զոհրաբ Մնացականյանը գրառում է արել

Թերթի տեղեկություններով՝ այս օրերին նախարարի թեկնածուի երեք անուններ են շրջանառվում, որոնցից մեկը՝ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, արդեն հրաժարվել է առաջարկից։

«Հիմա իշխանությունն ընտրություն է կատարում 2 կանանց միջև՝ արդարադատության նախկին փոխնախարար, այժմ վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի և արդարադատության գործող փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի միջև»,- գրում է «Հրապարակը»։

Թերթը նշում է, որ փորձել են տեղեկությունները հենց նրանցից ճշտել։

Վարդապետյանը հեռախոսազանգերին չի պատասխանել, իսկ Գրիգորյանն ասել է, որ նման բան չկա և առաջարկել կապվել նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանի հետ։ 

Հիշեցնենք` երեկ` նոյեմբերի 23–ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պաշտոնից ազատվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նոր նախարար նշանակվեց Վահրամ Դումանյանը։

Նոյեմբերի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։ Կարճ ժամանակ անց ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և հրապարակեց նրա ձեռագիր դիմումը։ Նոյեմբերի 17-ին հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Զոհրաբ Մնացականյանը հերքում է Հայաստանից հեռանալու լուրը

Վերջին օրերին իրենց պաշտոններից հեռացել են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ Ղուլյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

Նոյեմբերի 20-ին պաշտոններից ազատվեցին նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել է Վաղարշակ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների նախարարինը` Անդրանիկ Փիլոյանը, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարինը` Մեսրոպ Առաքելյանը։

Նշենք, որ պաշտոնյաների ու պատգամավորների հրաժարականները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։