Կարմիր խաչն օգնություն է տրամադրել Ստեփանակերտի, Մարտունու և Ասկերանի բնակիչներին

Կոմիտեն նաև բժշկական օգնություն է տրամադրել Արցախի մի շարք բուժկենտրոնների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է մարդասիրական առաքելություն իրականացնել Արցախում։ Facebook-ի պաշտոնական էջում Արցախի տեղեկատվական շտաբը համառոտ տեղեկատվություն է տրամադրել կոմիտեի՝ վերջին օրերին տրամադրած օգնության վերաբերյալ։

Երևանը որոշեց ամանորյա միջոցառումներ կազմակերպելու փոխարեն օգնել Ստեփանակերտին

«Վերջին մի քանի օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը Ստեփանակերտի քաղաքապետարանին է փոխանցել սննդամթերքի 500 ծանրոց, 620 հիգիենայի պարագաների հավաքածու, 7000 տուփ մակարոնեղեն, 4000 կգ շաքար և 1660 վերմակ ՝ հակամարտության սրացման հետևանքով տուժած խաղաղ բնակիչներին բաժանելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տաք ծածկոցներ են ուղարկվել նաև Մարտունու և Ասկերանի քաղաքապետարաններ՝ համապատասխանաբար 1600 և 1500 հատ՝ դրանց կարիքն ունեցող անձանց տրամադրելու նպատակով:

Հասկացել են, որ պետք է ավելին արվի. Կարմիր խաչը 400-500 նոր աշխատակից կուղարկի Ացախ

Նշենք, որ դեռևս պատերազմի օրերին ԿԽՄԿ-ն պարբերաբար սնունդ և հիգիենայի պարագաներ էր փոխանցում Ստեփանակերտի քաղաքապետարան՝ ապաստարաններում գտնվող մարդկանց կարիքները հոգալու համար: Կոմիտեն նաև բժշկական օգնություն է տրամադրել մի շարք հիվանդանոցների:

Կարմիր խաչն օգնություն է տրամադրել Ստեփանակերտի, Մարտունու և Ասկերանի բնակիչներին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ Տեղահանվածների թիվը 100-120 հազար է, գրեթե 17 հազար շենք-շինություն էլ մասնակի կամ ամբողջապես ոչնչացվել է։