«Իմ քայլը» պահանջում է պատժել Երևանի պատասխանատու պաշտոնյաներին` թվեր նկարելու համար

Երևանի միայն 3 վարչական շրջան և այն էլ միայն 80- 90 տոկոսով են ապահովված ապաստարաններով ու թաքստոցներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Երևանի 4682 բազմաբնակարան շենքերից միայն որոշներն ունեն ապաստարաններ ու թաքստոցներ։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը` արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի քննադատությանն այն մասին, որ Երևանի շենքերի նկուղները տարիներ շարունակ վեր են ածվել սնվելու ու փող աշխատելու վայրերի։

«Այդ ապաստարանները, չգիտես ինչու, սեփականաշնորհվեցին։ Չգիտես` ում թեթև ձեռքով ու մտքով որոշվեցին, որ դրանք այլևս մեզ պետք չեն գա,– ասաց Անտոնյանը,– Տարիներ շարունակ Երևանի քաղաքապետարանից ներկայացվում էին փաստաթղթեր, իբրև թե երևանցիների ավելի քան 90 տոկոսն ապահովված է թաքստոցներով ու ցանկացած տագնապի դեպքում երևանցիներն ապահովված են ռմբակոծությունից»։

Ավագանու անդամը հայտարարեց, որ նույն` նկարված թվերով փաստաթղթերը նաև պատերազմի ընթացքում են ներկայացվել համապատասխան պետական գերատեսչությանը։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

Իշխող խմբակցության անդամը պահանջեց, որ նկարված փաստաթղթերի հեղինակ պաշտոնյաները ենթարկվեն պատասխանատվության։

Նրա խոսքով` երևանցիներն անգամ պատերազմից հետո դեռ չգիտեն, թե տագնապի դեպքում իրենց վարչական շրջանում որտեղ պետք է պատսպարվեն։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը համաձայնեց ավագանու անդամի դիտարկմանը, որ շատ թաքստոցներ Երևանում վերածվել են առևտրի կետերի։ Բայց և վստահեցրեց, որ այդ ուղղությամբ քաղաքային իշխանությւններն աշխատանք տանում են։

«Այս ընթացքում 172 «ԿամԱզ» մակնիշի ինքնաթափով շինաղբ ենք թափել միայն այդ թաքստոցներից, և այդ թաքստոցների նախապատրաստման ու պատրաստման աշխատանքները մինչև հիմա կատարվում են»,– ասաց փոխքաղաքապետը։

«Այստեղ կոֆեն քաղցր է, չուզես էլ` պետք է խմես». կյանքը Ստեփանակերտի ապաստարանում

Սարգսյանը հայտնեց նաև, որ այս ընթացքում աշխատանքներ են տարվում նաև երևանյան դպրոցների, մանկապարտեզների տարածքում ապաստարանների նախապատրաստման ուղղությամբ։

«Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ունենք 3 վարչական շրջան, որտեղ այդ բոլոր խնդիրները 80- 90 տոկոսով լուծված են»,– ասաց նա։

Նա հայտարարեց, որ քաղաքային իշխանությւնն աշխատելու է այնքան ժամանակ, քանի դեռ Երևանը 100 տոկոսով պատրաստ չէ քաղպաշտպանության միջոցառումների իրականացմանը։

Խորհրդային ժառանգության ապաստարանները. որքանով են Հայաստանում պատրաստ օդային տագնապին